ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հանդիպման վերաբերյալ
11 մայիսի, 2007Եվրոպայի խորհրդի ԱԳ նախարարների կոմիտեի նիստին մասնակցող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. մայիսի 11-ի առավոտյան հանդիպեց ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ: Վերջիններս նախորդ օրը հանդիպել էին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ:
ՀՀ ԱԳ նախարարն ու ԵԱՀԿ ՄԽ համանախագահները քննարկեցին Լեռնային Ղարաբաղի բանակցությունների շրջանակում առաջիկա հանդիպումների օրացույցը: Դրա համաձայն խորհրդարանական ընտրություններից հետո ԵԱՀԿ ՄԽ համանախագահները կժամանեն տարածաշրջան, որին կհաջորդի ԵԱՀԿ նախագահ, Իսպանիայի ԱԳ նախարար Անխել Մորատինոսի այցը: Այնուհետեւ չի բացառվում Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների առանձին հանդիպումը համանախագահների հետ:
Այդ բոլոր հանդիպումները միտված են նախապատրաստելու Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որի կայացումը հիմնականում պայմանավորված է բանակցությունների բովանդակությամբ:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ այսօրվա հանդիպմանը անդրադարձ եղավ նաեւ բանակցությունների բովանդակությանը: ՀՀ ԱԳ նախարարը փոխանցեց Հայաստանի մոտեցումները Բելգրադում համանախագահների կողմից չհամաձայնեցված հարցերի շուրջ ներկայացված ձեւակերպումների վերաբերյալ: