«Արտեկլասիկա» կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսի շրջանակում հայ նկարիչների կտավների ցուցադրման վերաբերյալ

10 մայիսի, 2007

Բուենոս Այրեսի «Արտեկլասիկա» կերպարվեստի ամենամյա ցուցահանդեսի շրջանակում, որտեղ ներկայացվում են արգենտինացի լավագույն նկարիչների աշխատանքներն, այս տարի հատուկ տեղ էր հատկացված «Հետսովետական կերպարվեստը» խորագիրը կրող տաղավարին, որտեղ ներկայացված էին` Հայաստանի, Ռուսաստանի, Ուկրաինայի, Բելառուսի եւ Վրաստանի ժամանակակից նկարիչների ստեղծագործությունները: Քանի որ ցուցադրվող շուրջ 45 կտավներից մեծ մասի հեղինակներն ազգությամբ հայեր էին, ցուցահանդեսի կազմակերպիչների խնդրանքով, Արգենտինայում ՀՀ դեսպանությունն իր հովանավորությունն ու աջակցությունն էր տրամադրել հատուկ տաղավարի բացման եւ ձեւավորման համար:

Տաղավարի շնորհանդեսը կայացավ մայիսի 8-ին: Շուրջ 100 հատուկ հրավիրյալների շարքում էին պետական կառույցների բարձրաստիճան պաշտոնյաներ, օրենսդիրներ, օտարերկրյա դեսպաններ, համայնքային կառույցների ղեկավարներ, լրագրողներ: Ցուցադրվող աշխատանքներն արժանացան արգենտինացի արվեստագետների մեծ ուշադրությանն ու հավանությանը: Տաղավարն այցելեցին նաեւ հազարավոր արգենտինացի արվեստասերներ, այդ թվում` արգենտինահայեր:

Բուենոս Այրեսում ՀՀ դեսպանությունը ցուցահանդեսի սրահում շնորհանդեսից հետո տվեց ընդունելություն:

Ցուցահանդեսի անցկացման առիթով թողարկված մեծ կատալոգի առաջին էջերին զետեղված է Արգենտինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի ողջույնի խոսքը:

Տպել էջը