«Գրքի միջազգային 20-րդ ցուցահանդեսին» ՀՀ մասնակցության վերաբերյալ

10 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 2-12-ը Թեհրանում անցկացվող «Գրքի միջազգային 20-րդ ցուցահանդեսին», ի դեմս` ՀՀ դեսպանության, առաջին անգամ իր մասնակցությունն է բերել նաեւ Հայաստանը` առանձին տաղավարով:

Ցուցահանդեսը բաղկացած է տեղական եւ օտարերկրյա գրականության հիմնական երկու տարբեր բաժիններից: Օտարերկրյա գրականության սրահում ՀՀ տաղավարից բացի, առանձին տաղավարներով մասնակցում են նաեւ ԻԻՀ-ում ՄԱԿ-ի, Վենեսուելայի, Մեքսիկայի, Սաուդյան Արաբիայի, Քուվեյթի, Թունիսի, Օմանի, Սիրիայի, Հարավային Կորեայի, Հնդկաստանի, «ECO», «ISESCO» երկրների ներկայացուցչություններն, ինչպես նաեւ Մեծ Բրիտանիայի, Գերմանիայի, Ֆրանսիայի, Ադրբեջանի հրատարակչական հաստատությունները, Թուրքիայի զբոսաշրջիկության եւ Տաջիկստանի մշակույթի նախարարությունները:

«Գրքի միջազգային 20-րդ ցուցահանդեսի» ՀՀ տաղավարում ներկայացված են եկեղեցական, պատմական, Հայոց ցեղասպանության, մշակույթի, աշխարհագրության, զբոսաշրջիկության, բիզնեսի, մանկական եւ գեղարվեստական գրականության հատընտիր նմուշներ, ինչպես նաեւ ցուցադրվում է Հայաստանի տեսարժան վայրերի վերաբերյալ տեսանյութ, որոնք արժանացել են բազմաթիվ այցելուների մեծ ուշադրության:

Հայաստանն առանձին բաժնով ներկայացված է նաեւ Կովկասի, Կենտրոնական Ասիայի եւ Ռուսաստանի հետազոտությունների իրանական «IRAS» հաստատության տաղավարում:

Ցուցահանդեսի ընթացքում միաժամանակ կազմակերպվում են մի շարք դասախոսություններ, կլոր սեղանների շուրջ քննարկումներ եւ այլ մշակութային միջոցառումներ:

Տպել էջը