Բեռլինում հայկական ֆիլմերի ցուցադրման վերաբերյալ

08 մայիսի, 2007

Ս.թ. մայիսի 5-31-ը Բեռլինում առաջին անգամ անցկացվում է «Կարոտ» խորագրով հայկական ֆիլմերի ռետրոսպեկտիվ ցուցադրում: Միջոցառումը իրականացնում է Art Combat ընկերությունը` ՀՀ արտաքին գործերի նախարարության, ՀՀ մշակույթի եւ երիտասարդության հարցերի նախարարության, «Ոսկե Ծիրան» միջազգային կինոփառատոնի եւ այլ կազմակերպությունների օգնությամբ եւ հովանավորությամբ:

Միջոցառման բացումը տեղի ունեցավ Բեռլինի Արսենալ կինոթատրոնում: Ելույթով հանդես եկան Հայաստանից ժամանած «Ոսկե Ծիրան» կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը, ռեժիսոր Վիգեն Չալդրյանը, Հայաստանի կինոարխիվի ներկայացուցիչ Գարեգին Զաքոյանը, գերմանական մի շարք կինոգործիչներ:

Գերմանիայում ՀՀ դեսպան Կարինե Ղազինյանը շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ում ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ իրականացնել միջոցառումը եւ Բեռլինում հայկական կինոյի օրերը հայտարարեց բացված:

Միջոցառման շրջանակներում ցուցադրվելու է Հայաստանի եւ Սփյուռքի հայ կինոգործիչների տարբեր տարիներին ստեղծված գեղարվեստական եւ փաստագրական 23 կինոնկար: Կազմակերպվելու են նաեւ «կլոր սեղաններ», որոնց ընթացքում կքննարկվեն հայկական կինոյի դերը միջազգային կինեմատոգրաֆում, հայոց պատմության եւ ցեղասպանության արտացոլումը կինոյում:

Տպել էջը