ՀՀ փոխարտգործնախարար Արմեն Բայբուրդյանի գլխավորած պատվիրակության Իսպանիա կատարած այցի վերաբերյալ
04 մայիսի, 2007Ս.թ. ապրիլի 23-27-ը Իսպանիայի Մադրիդ եւ Վալենսիա քաղաքներում էր գտնվում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի գլխավորած պատվիրակությունը, որի կազմում էին կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, Զարգացման հայկական գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը եւ այլ պաշտոնատար անձինք:
Պատվիրակությունը Մադրիդում հանդիպումներ է ունեցել Իսպանիայի կրթության նախարար Մերսեդես Կաբրերայի եւ արտաքին գործերի նախարարի տեղակալ Ալբերտո Նավառոյի հետ։ Կրթության նախարարությունում քննարկվել են այդ բնագավառում երկու երկրների միջեւ հնարավոր համագործակցության ուղիները, եվրոպական բուհական ընդհանուր համակարգ ստեղծելու արդեն սկսված գործընթացում հայկական բուհական համակարգի չափանիշները եվրոպականին համապատասխանեցնելու աշխատանքների ներկա փուլը, հայ եւ իսպանացի ուսանողների փոխանակման հնարավորությունը, Հայաստանում իսպանական քոլեջի հիմնմանն առնչվող խնդիրներ:
Արտաքին գործերի նախարարությունում ներկայացվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների ներկա փուլը, Եվրոպական նոր հարեւանության քաղաքականության համատեքստում Հայաստանի կողմից ծրագրի կատարման ընթացքը, Հայաստանում նախընտրական քաղաքական իրավիճակը:
Քննարկվել են Իսպանիայի ԱԳ նախարար Միգել Անխել Մորատինոսի հունիսի 4-ին Հայաստան կատարելիք այցին առնչվող հարցեր, նաեւ հաստատվել են մինչեւ ընթացիկ տարվա վերջ Հայաստանում Իսպանիայի դեսպանության բացման ժամկետները։
Վալենսիայում ՀՀ պատվիրակությունը արտահանման կազմակերպության (IVEX) գրասենյակի տնօրինության հետ մասնակցել է այցի առիթով կազմակերպված կլոր սեղանին:
Հանդիպումներ են կայացել նաեւ Վալենսիայի նահանգի կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ:
Այցի ընթացքում ստորագրվել է կրթության բնագավառում համագործակցության մասին Հուշագիր:
Պատվիրակությունը հանդիպել է նաեւ Վալենսիայի Պոլիտեխնիկական համալսարանի ղեկավարության հետ, ուր քննարկվել են Հայաստանի ԲՈՒՀ-երի հետ համագործակության հեռանկարները: