Բուենոս Այրեսի «Հայաստան» հրապարակում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պուրակի բացման վերաբերյալ
04 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 3-ին Բուենոս Այրեսի «Հայաստան» հրապարակում տեղի է ունեցել Արգենտինայի մայրաքաղաքի կառավարության կողմից Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը խորհրդանշող պուրակի հանդիսավոր բացումը: Պուրակը կառուցված է հայկական խաչքարի ուրվագծով, որը պարզորոշ տեսանելի է ինքնաթիռից:
Միջոցառման առիթով «Հայաստան» հրապարակում հավաքվել են համայնքային բոլոր կառույցները ներկայացնող հարյուրավոր արգենտինահայեր, հայկական դպրոցների աշակերտներ, բարձրաստիճան պաշտոնյաներ Արգենտինայի ԱԳՆ-ից եւ շրջակա միջավայրի նախարարությունից, դիվանագետներ, բազմաթիվ լրագրողներ:
Բացօթյա հանդիսությունը սկսվել է Արգենտինայի եւ Հայաստանի Հանրապետության օրհներգերի կատարմամբ, որից հետո հայ եկեղեցական առաջնորդները համատեղ մատուցել են հոգեհանգիստ, օրհնության խոսք է ասել Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը:
Բեմահարթակից բանախոսել են Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Խորխե Տելերմանը եւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, ովքեր եւ կատարել են պուրակի բացման հանդիսավոր արարողությունը:Միջոցառման ավարտին ընդունելություն է կազմակերպվել մայրաքաղաքի կառավարության անունից: