Շարմ ալ-Շեյխում «Իրաքի հետ միջազգային հուշագրի» մեկնարկին նվիրված հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ
03 մայիսի, 2007Ս.թ. մայիսի 3-ին Եգիպտոսի Շարմ ալ-Շեյխ քաղաքում կայացավ «Իրաքի հետ միջազգային հուշագրի» մեկնարկին նվիրված հանդիպումը, որին մոտ յոթանասուն երկրների շարքում մասնակցեց նաեւ ՀՀ պատվիրակությունը` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի գլխավորությամբ: Փաստաթուղթը գործնական հիմքի վրա է դնում Իրաքի Ազգային զարգացման ռազմավարությունը եւ նախանշում է այն քայլերը, որոնք Իրաքի կառավարությունը, միջազգային հանրության աջակցությամբ ու մասնակցությամբ, պետք է իրականացնի երկրում անվտանգություն հաստատելու եւ սոցիալ-տնտեսական առաջընթաց գրանցելու համար:
Ելույթ ունենալով հանդիպման մասնակիցների առջեւ, պրն. Օսկանյանը նշեց, որ պատվաբեր է լինել իրաքյան ժողովրդի ու նրա կառավարության հանդեպ աջակցության այս դրսեւորման մասնակից: Հայաստանն իր համեստ ներդրումն է ունեցել Իրաքում անվտանգության ու կայունության հաստատման գործընթացում: Իրաքում առկա փոքրաթիվ հայկական համայնքի գործոնը եւս իր ազդեցությունն է ունեցել, որովհետեւ նրանք մշտապես վայելել են Իրաքի ժողովրդի ու ընդհանրապես արաբների հյուրընկալությունը, եւ, ՀՀ նախարարի կարծիքով, հայերը որոշակի պարտավորվածություն են զգում:
ՀՀ ԱԳ նախարարն արձանագրեց, որ հանդիպումը կայանում է Իրաքի համար մի այնպիսի վճռական պահի, երբ կարեւորվում է միջազգային համայնքի մասնակցությունը երկրի կյանքում ու կայունության հարցերում փոփոխության հասնելու համար: Նա կարեւորեց մեկնարկվող փաստաթղթի ազգային բնույթը, որի հաջող իրականացումը պայմնավորվում է երեք կարեւոր հանգամանքով: Առաջինը, միջէթնիկական ու միջկրոնական երկխոսությունն է, առանց որի անհնարին է հասնել կայունության: Երկրորդ կարեւոր հանգամանքը հարեւան երկրների ներգրավվածությունն է որպես իրաքյան իրադարձություններ վրա անմիջականորեն ազդեցություն ունեցող եւ դրանցից անմիջականորեն ազդվող պետությունների: Նախարարը հույս հայտնեց, որ նրանք իրենց օժանդակությունն ու դրական ներգրավվածությունը կունենան այս գործընթացներում: Երրորդը, Իրաքի կառավարության ամրապնդումն ու զորացումն է, որը, փաստաթղթի իրագործմամբ, նպատակ ունի տեղաշարժեր ու առաջխաղացում արձանագրելու երկրում: Պրն. Օսկանյանը նշեց, որ միջազգային հանրությունը պարտավորված է օգնել նրանց այդ խիզախ քայլում: