«Բրյուսել ֆորում 2007» խորհրդաժողովին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ

28 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 27-ի ուշ երեկոյան մեկնարկեց ԱՄՆ Գերմանական Մարշալ եւ Բերտելսման հիմնադրամների կողմից կազմակերպած «Բրյուսել ֆորում 2007» ներկայացուցչական խորհրդաժողովը, որի աշխատանքներին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը: Խորհրդաժողովի մասնակիցներից են նաեւ Էստոնիայի եւ Լիտվայի նախագահները, Բելգիայի վարչապետը, Վրաստանի, Գերմանիայի, Շվեդիայի, Բելգիայի, եւ Կանադայի ԱԳ նախարարները, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը, Եվրոպական Խորհրդի նախագահը, Եվրոպական հանձնաժողովի հանձնակատարներ, Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դ. Ֆրիդը, այլ բարձրաստիճան պաշտոնյաներ:

Ս.թ. ապրիլի 28-ին նախարար Օսկանյանը, Վրաստանի ԱԳ նախարար Գելա Բեժուաշվիլու եւ Ադրբեջանի խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ս.Սեիդովի հետ «Բալթիկ ծովից մինչեւ առավել ընդարձակ Սեւ ծով. նոր եվրաատլանտյան մարտահրավեր» թեմայով քննարկման հիմնակական բանախոսներից էր:

Իր խոսքում նախարար Օսկանյանն անդրադարձավ եվրոպական եւ եվրատլանտյան կազմակերպությունների դերակատարությանը տարածաշրջանում, ներկայացնելով այդ կազմակերպությունների եւ գլոբալ այլ ուժերի հետ Հայաստանի հարաբերությունների որոշ ասպեկտներ: Նա ներկայացրեց ՀՀ որդեգրած մոտեցումը, որը ուղղված է նպաստելու եվրոպական կառույցներին հետագա ինտեգրմանը, ինչպես նաեւ հաշվի է առնում տարածաշրջանում ներգրավված այլ ուժերի շահերը:

Նախարար Օսկանյանը նաեւ խոսեց Հայաստանի տնտեսական առաջընթացի մասին, նշելով, որ արդեն յոթերորդ տարին է, որ երկնիշ տնտեսական աճ ենք արձանագրում: Ու թեեւ զինադադարից հետո տասը տարիների ընթացքում Ադրբեջանն ու իր դաշնակիցը` Թուրքիան, սպասում էին, որ Հայաստանն աղքատության եւ տնտեսական լճացման ծանրության տակ կփլվի` դա տեղի չի ունեցել եւ չի էլ ունենա: Նա ափսոսանքով նշեց, որ այդ փորձից ոչ մի դաս չի քաղվում, ինչի հետեւանքն է Հայաստանի շրջափակման ուղղությամբ Ադրբեջանի եւ Թուրքիայի նոր ջանքերը: Դրա ապացույցն է վերջերս ստորագրված 700մլն դոլար արժողությամբ գործարքը` սկսելու նոր երկաթուղու կառուցումը, որը կշրջանցի Հայաստանը: Նոր երկաթուղին չի ստիպի մեզ տեղի տալ, այն ավելի շատ վնաս չի հասցնելու, քան փակ սահմանը: Քաղաքական միջավայրն է, որ կտուժի, սա է ափսոսանքի տեղիք տալիս, եւ ոչ թե` տնտեսական օգուտները: Մենք կշարունակենք հանդես գալ առկա երկաթգծի գործարկման օգտին: Եվ ավելի հեռուն կգնանք ու կպահանջենք, որպեսզի Թուրքիան բացի Եվրոպայի վերջին փակ սահմանն ու նորմալ հարաբերություններ հաստատի Հայաստանի հետ:

Նախարար Օսկանյանը նաեւ խոսեց հակամարտությունների վերաբերյալ ՎՈՒԱՄ-ի երկրների պաշտոնապես հնչեցվող մոտեցումների եւ ՄԱԿ-ում առաջ քաշված նախաձեռնության միջեւ հակասության մասին: Նա վերահաստատեց ՀՀ դիքորոշումը, որ չի կարելի մեկ բանաձեւով անդրադառնալ չորս տարբեր հակամարտությունուններին:

Խորհրդաժողովի շրջանակներում նախարար Օսկանյանը երկկողմ հանդիպումներ ունեցավ Վրաստանի ԱԳ նախարար Գ. Բեժուաշվիլու եւ Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի օգնական Դ. Ֆրիդի հետ:

Վրաստանի ԱԳ նախարարի հետ քննարկվեցին երկկողմ հարաբերությունները, հակամարտությունների կարգավորման հեռանկարները:

Դ. Ֆրիդի հետ ՀՀ արտգործնախարարը քննարկեց հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակն ու վերջին զարգացումները: Մտքերի փախանակում տեղի ունեցավ Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի վերջին զարգացումների շուրջ: Զրուցակիցները նաեւ անդրադարձան ԱՄՆ պետդեպարտամենտի մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցում տեղ գտած ձեւակերպման շուրջ ստեղծված տարակարծություններին:

Տպել էջը