Արտերկրում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի հիշատակման վերաբերյալ

26 ապրիլի, 2007

Սիրիա
Հայոց Ցեղասպանության 92-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակներում, ս.թ. ապրիլի 23-ին հալեպահայ համայնքի երեք հոգեւոր առաջնորդների հովանավորությամբ, կայացավ միջեկեղեցական ոգեկոչման երեկո, որի կազմակերպիչն էր հայ կաթողիկե եկեղեցին: Այնուհետեւ տեղի ունեցավ ծաղկեպսակների զետեղում եւ մոմավառություն Ս. Աստվածածին եկեղեցու բակում, որտեղ տեղադրված էր Երեւանի Ծիծեռնակաբերդի,Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրի մանրակերտը:

Ապրիլի 24-ի առավոտյան Հալեպի Ազգային գերեզմանատան մատուռում, Բերիո Հայոց թեմի առաջնորդ Շահան Եպիսկոպոս Սարգիսյանի կողմից մատուցվեց պատարագ: Նույն օրը Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսի նախաձեռնությամբ Հալեպում գործող գլխավոր եւ պատվավոր հյուպատոսների, միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների, ինչպես նաեւ հայ համայնքի ղեկավար այրերի եւ մշակութային միությունների ատենապետերի կողմից ծաղկեպսակներ զետեղվեցին Հալեպի Ս.Քառասուն Մանկանց եկեղեցու բակում գտնվող Հայոց Ցեղասպանության զոհերին նվիրված հուշակոթողի մոտ:

Ապրիլի 24-ի երեկոյան, Հալեպի Ս.Աստվածածին եկեղեցում տեղի ունեցավ ոգեկոչման գլխավոր հանդիսությունը, որը կազմակերպել էին հալեպահայ մշակութային միությունները:

Հանդիսության ժամանակ ելույթ ունեցավ Հալեպում ՀՀ Գլխավոր հյուպատոսը:

Հունաստան-Աթենք
Ապրիլի 22-ին Հայոց ցեղասպանության 92-ամյակի կապակցությամբ Աթենքի նահանգապետարանի, ՌԱԿ Հայ իրավանց խորհրդի եւ ՀՅԴ Հայ դատի հանձնախմբի նախաձեռնությամբ Աթենքի «Աթիկոն» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ:

Միջոցառման ընթացքում Հունաստանի կառավարության անունից ելույթ ունեցավ Զարգացման փոխնախարարը, ելույթներ ունեցան նաեւ Հունաստանի խորհրդարանի պատգամավոր Ֆոթիս Կուվելիսը, քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ: Ուղերձով հանդես եկավ ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը: Օրվա բանախոսն էր եվրոպատգամավոր, նախկին նախարար Իոաննիս Վարվիցիոթիսը:

Նիստին մասնակցում էին Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ, քաղաքական կուսակցությունների, տեղական կառավարման մարմինների ներկայացուցիչներ, Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները, Աթենքի եւ համայն հունաց պատրիարք Խրիստոդուլոսի ներկայացուցիչը, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ, Հունաստանում սովորող հայաստանցի ուսանողներն ու զինվորական ակադեմիայի կուրսանտները:

Միջոցառումն ավարտվեց քայլարշավով դեպի Աթենքի կենտրոնական Սինտագմա հրապարակում գտնվող Անհայտ զինվորի շիրիմը:

Հրապարակում մեկ շաբաթ տեղադրված էր տաղավար, ուր հայ երիտասարդները բաժանում էին գրականություն եւ այլ տպագիր նյութեր հայոց ցեղասպանության ու նրա ճանաչման գործընթացի վերաբերյալ:

Ապրիլի 23-ին Աթենքի Նեա Զմիռնի թաղամասի հրապարակում, ուր տեղադրված է Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողը, տեղի ունեցավ հոգեհանգստի արարողություն:

Միասնական աղոթքով հանդես եկան Հայ առաքելական եկեղեցու երկու թեմերի, հայ կաթոլիկ ու բողոքական եկեղեցիների առաջնորդները: Ելույթներ ունեցան Հունաստանում ՀՀ դեսպան Վահրամ Կաժոյանը, հունահայ համայնքի, Աթենքի նահանգապետարանի ու քաղաքապետարանի ներկայացուցիչներ, այլ պաշտոնատար անձինք: Տեղի ունեցավ պսակադրման արարողություն:

Միջոցառումը կազմակերպված էր Աթենքի նահանգապետարանի, քաղաքապետարանի, հայ համայնքի եւ Հունաստանում ՀՀ դեսպանության նախաձեռնությամբ:

Միջոցառման ավարտից հետո, տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Հունաստանում Թուրքիայի դեսպանություն, որը պաշտպանված էր հունական ոստիկանության լրացուցիչ ուժերով:

Հունաստան -Սալոնիկ
Ապրիլի 20-21-ին Հայոց ցեղասպանության 92-ամյակի կապակցությամբ «Սողոմոն Թեհլերյան» երիտասարդական խմբի նախաձեռնությամբ Սալոնիկի կենտրոնական Արիստոտելոս հրապարակում անցկացվեց գրքերի եւ նկարների ցուցադրություն:

Ապրիլի 22-ին Սալոնիկի «Վելիտեո Սինեդրիակո Կենտրո» դահլիճում տեղի ունեցավ հանդիսավոր նիստ, որին ելույթներով հանդես եկան Մակեդոնիա-Թրակիայի նախարարի ներկայացուցիչը, Սալոնիկի նահանգապետ Պանայոտիս Պսոմիասին, քաղաքապետ Վասիլի Պապագիորգոպուլոսը: Բանախոսությամբ հանդես եկավ եվրոպատգամավոր, Կիպրոսի նախկին ԱԳ նախարար Իոաննիս Կասուլիդիսը: Ներկաներին փոխանցվեց նաեւ ՀՀ դեսպանի ուղերձը:

Նիստին մասնակցում էին տեղական կառավարման, Հայ առաքելական եւ Հույն ուղղափառ եկեղեցիների, հայկական քաղաքական կուսակցությունների ու համայնքի ներկայացուցիչներ, Սալոնիկում սովորող ռազմաբժշկական ակադեմիայի հայ կուրսանտները:

Ապրիլի 24-ին Սալոնիկի հայկական եկեղեցում կատարվեց հոգեհանգստի արարողություն:

Հոգեհանգստի ավարտից հետո, տեղի ունեցավ բողոքի երթ դեպի Թուրքիայի հյուպատոսություն, ուր փոխանցվեց բողոքի հուշագիրը:

Ավստրիա
Ապրիլի 24-ին Վիեննայի կենտրոնում գտնվող Ֆրիդրիխ Շիլլերի անվան հրապարակում տեղադրված Ֆրանց Վերֆելի հուշարձանի առջեւ տեղի ունեցավ սգո արարողություն եւ ծաղկեպսակների զետեղում: Ելույթ ունեցան Ավստրիայում ՀՀ դեսպան Աշոտ Հովակիմյանը եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական վարչության ատենապետ Հայկ Ազենբաուերը, ընթերցվեցին «Մուսա Լեռան 40 օրը» վեպից հատվածներ:

Այնուհետեւ Վիեննայի «Բուրգ» կինոթատրոնում տեղի ունեցավ ամերիկացի ռեժիսոր Էնդրյու Գոլդբերգի (Andrew Goldberg) «Հայոց Ցեղասպանությունը» (The Armenian Genocide) վավերագրական կինոնկարի պրեմիերան:

Կինոնկարը մեծ ազդեցություն գործեց հանդիսատեսների վրա, որոնց մեջ ավստրահայ համայնքի անդամներից բացի մեծ թվով ավստրիացիներ կային, այդ թվում` բազմաթիվ լրագրողներ:

Կանադա
Ս.թ. ապրիլի 24-ին Մեծ Եղեռնի 92-րդ տարելիցի կապակցությամբ Կանադայում ՀՀ դեսպանությունն առաջին անգամ կազմակերպեց ոգեկոչման հատուկ աարարողություն, որին մասնակցեցին հայ համայնքի երկու հիմնական թեւերի նեկայացուցիչներր` կանադահայոց առաջնորդ Բագրատ Եպս. Գալստանյանի (Էջմիածնի թեմ) եւ Խաժակ Արքեպս. Հակոբյանի (Անթխիսաի թեմ) գլխավորությամբ:

Ներկա էին կանադահայ համայնքի խոշորագույն կազմակերպությունների ղեկավարները, ինչպես նաեւ բազմաթիվ անհատներ Օտտավայից, Մոնրեալից, Տորոնթոյից եւ Վանքուվերից:

Ծաղկեպսակներ եւ ծաղիկներ դրվեցին «Անմահ Հայաստան» հուշարձանի մոտ: Ելույթներով հանդես եկան Կանադայում ՀՀ գործերի ժամանակավոր հավատարմատար Արման Հակոբյանը, Բագրատ Եպս. Գալստանյանը, Խաժակ Արքեպս. Հակոբյանը եւ այլք:

Միջոցառման այլ մանրամասնություններն ու լուսանկարները զետեղված են դեսպանության www.armembassycanada.ca կայքում:

Ապրիլի 25-ին Օտտավայի հայ ուսանողների միության նախաձեռնությամբ եւ Կանադայում ՀՀ դեսպանության աջակցությամբ Օտտավայի համալսարանում ցուցադրվեց Էնդրյու Գոլդբերգի «Հայկական ցեղասպանություն» վավերագրական կինոնկարը, որին հետեւեց կանադացի գրող Լինդա Գանի «Սոսի» վեպի ներկայացումը հեղինակի կողմից: Վեպն անդրադառնում է Մեծ Եղեռն վերապրած կնոջ ճակատագրին: Գրքի ներկայացումն ու հատվածների ընթերցումը տեղի ունեցավ նաեւ ապրիլի 24-ին՝ Օտտավայի հանրային գրադարանում:

ԱՄՆ
Լոս Անջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսության հովանու ներքո ս.թ. ապրիլի 20-ին Լոս Անջելեսի Զիպեռ համերգային սրահում տեղի ունեցավ «Մանսուրյանական եռապատկեր» խորագիրը կրող համերգաշարի մեկնարկը: Միջոցառումը կազմակերպել էր «Լարք» երաժշտական միությունը:

Համերգին ներկա էր կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ, երաժշտասերներ, պատվավոր հյուրեր:

Այնուհետեւ Վաչե Բարսումյանի ղեկավարությամբ «Լարք» երաժշտական միության երգչախումբը կատարեց Ե. Չարենցի խոսքերով երգչախմբի համար գրված կոմպոզիտորի ստեղծագործությունները:

ՀՀ Գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը համերգին նախորդած իր խոսքում նշեց վաստակաշատ կոմպոզիտորի ավանդը հայ եւ միջազգային երաժշտական ժառանգությանը, ինչպես նաեւ նշեց համերգի խորհուրդր`Հայոց Ցեղասպանության հիշատակման շաբաթվա համատեքստում:

«Մանսուրյանական եռապատկեր»-ի մյուս երկու համերգները տեղի ունեցան ս.թ ապրիլի 23-ին եւ 25-ին:

Լեհաստան-Վարշավա
Ապրիլի 21-ին Կրակովի Սուրբ Միկոլայ եկեղեցում, այնուհետեւ՝ ապրիլի 22-ին Օլավ քաղաքում մատուցվեցին սուրբ պատարագներ: Ապրիլի 23-ին Կրակովի Ազգագրական թանգարանում տեղի ունեցավ Հայոց Մեծ Եղեռնին նվիրված դասախոսություն:

Ապրիլի 24-ին Վարշավայում ՀՀ դեսպանատանը կազմակերպվեց Հայոց ՄեծԵղեռնի ոգեկոչման արարողություն: Դեսպանատան բակում տեղադրված խաչքարիմոտ դրվեցին վառվող կանթեղներ եւ ծաղիկներ, իսկ Հայ Առաքելական Եկեղեցու եւԿաթողիկ Եկեղեցու հոգեւոր սաասավորները կատարեցին հոգեհանգստիծիսակատարություն: Դեսպանատանը հավաքված հայ համայնքիներկայացուցիչներին ե հյուրերին խոսքով դիմեց Լեհաստանում ՀՀ դեսպան Աշոտ Գալոյանը:

Նույն օրը Վարշավայում Թուրքիայի դեսպանատան առջեւ տեղի ունեցավ ամենամյա ավանդական դարձած «լռության երթը», իսկ երեկոյան` Սուրբ Խաչ եկեղեցում պատարագ մատուցվեց:

Հարկ է նշել նաեւ, որ ապրիլի 24-ին «Ռեչպոսպոլիտա» (Լեհաստանի Հանրապետություն) կենտրոնական թերթում տպագրվել է Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված հոդված` «Հայկական ջարդը` առաջին հոլոքոստն է» վերնագրով:

Տպել էջը