ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ
25 ապրիլի, 2007Բելգիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 25-ին հանդիպեց Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հետ:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին տարածաշրջանային խնդիրներ, հայ-թուրքական հարաբերությունները:
Անդրադարձ կատարվեց ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովում ՎՈՒԱՄ-ի նախաձեռնությանը, ինչի կապակցությամբ նախարարը վերահաստատեց ՀՀ դիրքորոշումը ներկայացվելիք բանաձեւի վերաբերյալ:
Այնուհետեւ զրուցակիցները խոսեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին: ԵՄ հատուկ ներկայացուցիչը ընդգծեց, որ ԵՄ երկրներն ու եվրոպական հանձնաժողովը մեծ նշանակություն են տալիս Հայաստանում ընտրությունների` միջազգային չափանիշներին համապատասխան անցկացմանը եւ հորդորեց ՀՀ իշխանություններին այս ուղղությամբ ձեռնարկել բոլոր միջոցները: Նախարար Օսկանյանը հավաստիացրեց, որ այսօր կան բոլոր պայմանները ազատ եւ արդար ընտրությունների անցկացման համար:
Զրուցակիցները նաեւ քննարկեցին Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագրի կատարման հետ կապված հարցեր: Նախարարը խոսեց ԵՄ-ում ՀՀ առաքելության եւ Եվրոպական հանձնաժողովի միջեւ ԳԾ իրականացման շուրջ շփումներn առավել համակարգված դարձնելու նպատակահարմարության մասին:
Տեղի ունեցավ մտքերի փոխանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունների բելլգրադյան փուլի արդյունքների շուրջ: Պրն. Սեմնեբիn տեղեկացրեց, որ այսօր երեկոյան մեկնում է Բաքու` մասնակցելու ԶԼՄ-ներին նվիրված խորհրդաժողովին, որի շրջանակներում նախատեսվում է իր հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարարի հետ:
Այսօր ուշ երեկոյան նախատեսված է Հայաստանի արտգործնախարարի ելույթը Բրյուսելի Թագավորական կոնսերվատորիայում կազմակերպված ոգեկոչման երեկոյին: Միջոցառմանը կմասնակցեն Բելգիայի խորհրդարանի արտաքին հանձնաժողովի ղեկավարությունը, Բրյուսելում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, Եվրոպայում հայկական համայնքների եւ կազմակերպությունների ներկայացուցիչներ: Մասնակիցների ելույթներին կհետեւեն ճանաչված ջութակահար Սերգեյ Խաչատրյանի երաժշտական կատարումները: