Արտերկրում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի հիշատակման վերաբերյալ
25 ապրիլի, 2007Ֆրանսիա
Ս.թ. ապրիլի 24-ի առավոտյան Փարիզի քաղաքապետարանում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի բազմամարդ ընդունելություն: Հազարավոր փարիզահայերի առջեւ քաղաքապետարանի գլխավոր սյունազարդ սրահում ելույթներ են ունեցել քաղաքապետ Բերտրան Դելանոեն, Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսահայ կազմակերպությունների համակարգող խորհրդի նախագահ Ալեքսի Գովչյանը:
Կեսօրին ծաղկեպսակներ են զետեղվել Կոմիտասի հուշարձանին, որից հետո մատուցվել է հիշատակի պատարագ Փարիզի Հայ Առաքելական Հովհաննես-Մկրտիչ Մայր տաճարում: Երեկոյան Կոմիտասի հուշարձանի մոտ տեղի է ունեցել բազմամարդ հավաք, որին, ի նշան Հայաստանի եւ ֆրանսահայերի հետ համերաշխության, մասնակցում էին Ֆրանսիայի քաղաքական ազդեցիկ կուսակցությունների ներկայացուցիչներ: Ֆրանսիայի նախագահության թեկնածուներ Նիկոլա Սարկոզիի եւ Սեգոլեն Ռուայալի, ինչպես նաեւ այժմ նախկին թեկնածու Ֆրանսուա Բայրուի անունից հանդես են եկել համապատասխանաբար Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, սոցիալիստական կուսակցության նախագահ Ֆրանսուա Հոլանդը եւ Ֆրանսիայի ԱԺ պատգամավոր Ֆրանսուա Ռոշբլուանը:
Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի հուշարձաններ են բացվել Մոնտելիմար եւ Վո-ան-Վլեն քաղաքներում:
Հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել Մարսելում, Լիոնում, Բորդոյում, Նիսում, Գրենոբլում, Մոնպելիեում, Կաննում, Թուլուզում, Վալանսում, Էքս-ան-Պրովանսում, Թուլոնում, Ավինյոնում, Իսի-լե-Մուլինոյում, Ալֆորվիլում, Կլամարում, Մեդոնում եւ մի քանի տասնյակ այլ քաղաքներում: Հիշատակի պատարագներ են մատուցվել Ֆրանսիայի քառասունից ավելի հայկական եկեղեցիներում: Կազմակերպվել են տասնյակ բանախոսություներ Հայոց ցեղասպանության եւ ժխտողականության մերժման վերաբերյալ թեմաներով:
Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառումներն սկսվել էին դեռեւս երկու շաբաթ առաջ:
Ապրիլի 15-ին Կլիշի լա Գարենի քաղաքի կենտրոնում բացվել է Ապրիլի 24-ի հրապարակը: Նույն օրը Կլիշի լա Գարենի Պատերազմի վետերանների թանգարանում բացվել է «1915-2005. Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը:
Ապրիլի 21-ին Մեդոն լա Ֆորե քաղաքի կենտրոնական հրապարակում բացվել է Հայոց ցեղասպանության զոհերի եւ հանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքար:
Ապրիլի 21-ին Մարսելում կազմակերպվել է Ցեղասպանության հիշատակին նվիրված 12 եկեղեցիների 40 կմ-անոց մարաթոնը:
Ապրիլի 21-ին եւ 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում Ժխտողականության դեմ պայքարի հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ կանգնեցվել է զգոնության պատնեշ ժխտողականության դեմ:
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվել է պատարագ հայ նահատակների հիշատակին:
Ապրիլի 23-ին Փարիզի Հաղթական կամարի տակ տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի պաշտոնական արարողություն:
Ֆրանսիայում ընդհանուր հաշվով տեղի են ունեցել հարյուրից ավելի հիշատակի միջոցառումներ:
Ֆրանսիական մամուլն այս օրերին լայնորեն անդրադարձել է Հայոց ցեղասպանությանը:
Արգենտինա
Հայոց ցեղասպանությանը նվիրված միջոցառումների սկիզբ է հանդիսացել ապրիլի 22-ին Բուենոս Այրեսի «Նարեկի Տիրամայր» հայ կաթողիկե մայր եկեղեցում Ցեղասպանության նահատակների հիշատակին մատուցված սուրբ պատարագը, որին ներկա են եղել համայնքային կառույցների ներկայացուցիչներ, բազմաթիվ հավատացյալներ: Պատարագի ավարտին, եկեղեցու դիմացը «Մոնտե Արարատ» հրապարակի վրա գտնվող հուշարձանին զետեղվել են ծաղկեպսակներ: Խոսքով հանդես է եկել պատմաբան Պասկուալ Օհանյանը եւ Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Ապրիլի 23-ին Բուենոս Այրեսի ամենամյա Գրքի միջազգային խոշորագույն ցուցահանդեսի շրջանակում տեղի է ունեցել գերմանացի գրող Հուբերտա ֆոն Վոսի «Մի հույսի պատկեր. հայերը» գրքի շնորհանդեսը: Հանդիսատեսների առաջ ցեղասպանությանը նվիրված դասախոսությամբ հանդես է եկել արգենտինահայ համայնքի հրավերով Բուենոս Այրես ժամանած հեղինակը, ով ցուցահանդեսում ներկայացված Հայաստանի դեսպանության տաղավարում ստորագրություններ է բաժանել իր գիրքը ձեռքբերող բազմաթիվ արգենտինացիների:
Նույնը օրը երեկոյան Բուենոս Այրեսի «Լիցեո» հնագույն թատրոնում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված գլխավոր միջոցառումը, որին ներկա են եղել Բուենոս Այրեսի կառավարության ղեկավար Խորխե Տելերմանը, ԱԳՆ բարձրաստիճան պաշտոնյաներ, օտարերկրյա դեսպաններ, դիվանագետներ, համայնքային բոլոր կառույցների ներկայացուցիչներ, լրագրողներ: Ելույթ են ունեցել Բուենոս Այրես նահանգի Խորհրդարանի պատգամավոր Սերխիո Նահապետյանը, Խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի Ազգային ինստիտուտի ( INADI) փոխտնօրեն Պեդրո Մուրադյանը, Բուենոս Այրեսի կառավարության ղեկավարը, Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը:
Միջոցառման ընթացքում Լա Պլատայի օպերային թատրոնի մենակատար երգչուհի Ալլա Ավետիսյանի կատարմամբ հնչել են արիաներ հայկական օպերաներից, փոքրիկ բալետային բեմադրությամբ հանդես է եկել Բուենոս Այրեսի «Կոլոն» թատրոնի բալետի դերասան Վահրամ Համբարձումյանը:
Ապրիլի 24-ին, առավոտյան ժամը 9-ից 13-ը արգենտինյան «Կոնտինենտալ» ռադիոկայանով Հայոց ցեղասպանությանը նվիրված հատուկ ծրագրի շրջանակում ուղիղ եթեր է հեռարձակվել հարցազրույց Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանի հետ:
Բուենոս Այրեսի Հայաստանյան առաքելական Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցվել է սուրբ պատարագ` նվիրված Ցեղասպանության նահատակների հիշատակին: Եկեղեցու սրահում ներկա հոծ բազմության առաջ, արգենտինացի բարձրաստիճան պաշտոնյաների, օտարերկրյա դեսպանների ներկայությամբ, աղոթքով հանդես է եկել Հայաստանյան առաքելական եկեղեցու Արգենտինայի եւ Չիլիի առաջնորդ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը: Համայնքային կառույցների եւ Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակներ են զետեղվել եկեղեցու բակում գտնվող հուշարձանին:
Ապրիլի 24-ի երեկոյան Արգենտինայի Ազգային Կոնգրեսի շենքում «Հանդուրժողականության եւ ազգերի միջեւ հարգանքի օրվա» կապակցությամբ տեղի է ունեցել Ազգային խտրականության, քսենոֆոբիայի եւ ռասիզմի դեմ պայքարի Ազգային ինստիտուտի կողմից կազմակերպված Հայոց ցեղասպանության հիշատակմանը նվիրված միջոցառում, որին բանախոսությամբ հանդես է եկել դեսպան Կարմիրշալյանը:
Լիբանան
Ս.թ. ապրիլի 23-ին եւ 24-ին Լիբանանում տեղի են ունեցել Հայոց ցեղասպանությանը նվիրված զանգվածային միջոցառումներ:
Ապրիլի 23-ի երեկոյան լիբանանահայ երիտասարդական կազմակերպությունները լապտերներով երթ էին նախաձեռնել դեպի Բեյրութից 23կմ հեռավորության վրա գտնվող Բիքֆայա ավան: Այնտեղ Հայ առաքելական եկեղեցու դպրեվանքի տարածքում տեղադրված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշարձանի մոտ տեղի է ունեցել նաեւ պսակների զետեղում ու մոմավառություն:
Ապրիլի 24-ին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության մայրավանքում կայացել է պատարագ եւ Հայոց Մեծ եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն: Պսակներ են զետեղվել մայրավանքի հարեւանությամբ կառուցված զոհերի հիշատակը հավերժացնող մատուռի առջեւ: Խոսք է ասել Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսը:
Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչման արարողություններ են տեղի ունեցել նաեւ Հայ Կաթողիկե Պատրիարքարանի Սուրբ Ավետման եկեղեցում, նաեւ Բեյրութի հայ ավետարանական եկեղեցում: Նույն օրը երեկոյան Բեյրութի Հակոբ Տեր-Մելքոնյան սրահում կազմակերպվել է երեկո, որին մասնակցել են լիբանանահայ նվագախմբերը, երգչախմբերն ու թատերախմբերը:
Բոլոր միջոցառումներին մասնակցել են լիբանանահայ համայնքի քաղաքական եւ հոգեւոր առաջնորդները, Լիբանանի խորհրդարանի պատգամավորներ, Լիբանանում Հայաստանի արտակարգ եւ լիազոր դեսպան Վահան Տեր-Ղեւոնդյանը, համայնքային կառույցների ղեկավարներ: Ներկա են եղել նաեւ լիբանանյան այլ համայնքների ներկայացուցիչներ, քաղաքական ու հասարակական գործիչներ:
Մեծ Բրիտանիա
Ապրիլի 21-ին Լոնդոնի Իլինգ համայնքի քաղաքային խորհրդում (London Borough of Ealing) տեղի է ունեցել Ցեղասպանության 92-ամյակին նվիրված հուշ-երեկո, որի ընթացքում ելույթ են ունեցել Իլինգի քաղաքապետ Դիանա Փեյգանը (Diana Pagan, Mayor of London Borough of Ealing), Իլինգի ընտրատարածքից պառլամենտի անդամ Ստիվեն Փաունդը (Rt. Hon. Stephen Pound), Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը, Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի ներկայացուցիչներ:
Ապրիլի 21-ին բրիտանահայ համայնքային կազմակերպությունները երթ են կազմակերպել Լոնդոնի կենտրոնական փողոցներով (մոտ 1500 մասնակից)` Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման, Թուրքիայի եւ Միացյալ Թագավորության կողմից ցեղասպանության փաստի մերժողական դրսեւորումները դատապարտող պաստառներով: Երթն ավարտվել է կառավարական գերատեսչությունների հարեւանությամբ տեղակայված երկու համաշխարհային պատերազմների զոհերի հուշարձանին (the Cenotaph) համայնքային կազմակերպությունների եւ Հայաստանի դեսպանության կողմից ծաղկեպսակների տեղադրմամբ:
Ապրիլի 24-ին ՄԹ Համայնքների պալատում տեղի է ունեցել Ուելսում գործող Armenia Solidarity, Բրիտանա-հայկական համակուսակցական խորհրդարանական խմբի (ԲՀՀԽԽ) եւ Նոր սերունդի ձայն հրատարակության կողմից կազմակերպված հանդիպում` նվիրված Հայոց ցեղասպանության ճանաչման հարցի քննարկմանը: Հանդիպմանը հայոց ցեղասպանության վերաբերյալ ելույթներով հանդես են եկել պատմաբաններ, հայագետներ, Հայոց ցեղասպանության ուսումնասիրությամբ զբաղվող մասնագետներ, Լորդերի պալատի անդամներ լորդ Էյվբերին եւ բարոնուհի Քոքսը, Հայաստանի դեսպան Վահե Գաբրիելյանը: Մասնակցում էին Բրիտանահայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, Բրիտանական խորհրդարանի անդամներ:
Ապրիլի 22-ին եւ 24-ին Լոնդոնի Սբ. Եղիշե եւ Սբ. Սարգիս հայկական եկեղեցիներում մատուցվել են ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված պատարագներ: Սբ. Սարգիս եկեղեցու բակում գտնվող ցեղասպանության զոհերի հուշարձանին Հայաստանի դեսպանության եւ Բրիտանահայ համայնքային եւ եկեղեցական խորհրդի կողմից տեղադրվել են ծաղկեպսակներ:
Թուրքմենստան
Ս.թ. ապրիլի 24-ի առավոտյան Թուրքմենստանում Հայաստանի դեսպան Արամ Գրիգորյանը, նաեւ թուրքմենահայության ներկայացուցիչները այցելել են Աշխաբադի հին քրիստոնեական գերեզմանատուն, ուր, ի թիվս այլոց, թաղված են 20-րդ դարի սկզբին Բաքվում, Շուշիում եւ այլուր մոլեգնող հայկական ջարդերից հրաշքով փրկված բազմաթիվ հայեր։
Բելգիա
Ապրիլի 24-ին Բրյուսելի Սբ. Մարիա-Մագդալենա եկեղեցում տեղի է ունեցել պատարագ Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին: Պատարագին մասնակցել են Բելգիայում Հայաստանի դեսպան Վիգեն Չիտեչյանը, հայկական, հրեական եւ թուտսիների կազմակերպությունների ղեկավարներ: Պատարագից հետո սգո թափորը երթով շարժվել է դեպի Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքար, որտեղ ելույթ են ունեցել Բելգիահայերի կոմիտեի նախագահը եւ ՀՅԴ ներկայացուցիչը: Ներկա էին Բելգիայի Սենատի նախագահ տկն. Անն-Մարի Լիզինը, Խորհրդարանի եւ Սենատի պատգամավորներ, բելգիական բոլոր քաղաքական ուժերի ներկայացուցիչները, հայ համայնքի ներկայացւոցիչներ:
Այնուհետեւ մասնակիցները շարժվել են դեպի Բելգիայում Թուրքիայի դեսպանություն, որի առջեւ տեղի է ունեցել բողոքի ցույց:
Ապրիլի 24-ի երեկոյան Բրյուսելի «Դելվո» սրահում տեղի է ունեցել հայ համայնքի կազմակերպած ոգեկոչման երեկո:
Նիդեռլանդներ
Ապրիլի 24-ին Նիդեռլանդների տարբեր քաղաքներում տեղի են ունեցել Եղեռնի հիշատակմանը նվիրված միջոցառումներ:
Ասսենում Ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ տեղի է ունեցել սգո արարողություն, որին մասնակցում էին ՆԱՏՕ-ում Հայաստանի առաքելության ղեկավար, դեսպան Սամվել Մկրտչյանը, Նիդեռլանդների խորհրդարանի պատգամավորներ, հոլանդական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոլանդահայեր:
Հաագայում Թուրքիայի դեսպանության առջեւ տեղի է ունեցել Հայ Դատի գրասենյակի կազմակերպած բողոքի ցույցը:
Ամստերդամի եւ Ալմոլոյի հայկական եկեղեցիներում մատուցվել են սգո պատարագներ: Ալմելոյի հայկական եկեղեցու սրահում երեկոյան տեղի է ունեցել սգո հավաք դեսպան Մկրտչյանի, տեղական իշխանությունների ներկայացուցիչների, քաղաքական գործիչների մասնակցությամբ:
Բելառուս
Ս.թ. ապրիլի 24-ին Մինսկի Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու բակում տեղադրված խաչքարի մոտ տեղի է ունեցել Հայոց Ցեղասպանությանը նվիրված սգո արարողություն։
Արարողությանը մասնակցել են Հայաստանի դեսպանության դիվանագետներ, հայ համայնքային եւ երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչները:
Սբ. Ալեքսանդր Նեւսկու եկեղեցու սպասավորների կողմից մատուցվել է Հայոց Եղեռնի անմեղ զոհերի հոգեհանգստի ծիսակատարություն:
Վառվող մոմեր բռնած ներկաները մեկ րոպե լռությամբ հարգել են Եղեռնի զոհերի հիշատակը: Ելույթ է ունեցել Մինսկի «Հայաստան» մշակութային- լուսավորչական, հասարակական կազմակերպության ղեկավարը:
Ընթերցվել է Հայաստանի դեսպանի դիմումը` ուղղված սգո արարողության մասնակիցներին:
Ռումինիա
Ս.թ. ապրիլի 24-ին Բուխարեստի հայոց եկեղեցում կատարվել է Հայոց եղեռնի զոհերի ոգեկոչման արարողություն հայ եւ ռումին բազմաթիվ ներկաների մասնակցությամբ: Արարողությանը հետեւել է Բուխարեստի տարբեր մասերում գտնվող Եղեռնի զոհերի հիշատակին նվիրված երկու խաչքար-հուշարձաններին ծաղկեդրման արարողություն:
Ծաղկեպսակներ են դրել Ռումինիայում Հայաստանի դեսպան Եղիշե Սարգսյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ռումինիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանը, Ռումինիայի հայոց միության նախագահը, Ռումինիայի էկոնոմիկայի եւ ֆինանսների նախարար Վարուժան Ոսկանյանը (Varujan Vosganian):
Ռումինիայի Խորհրդարանի պատգամավորների պալատի ապրիլի 24-ի նիստում Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարությամբ հանդես է եկել պատգամավոր Վարուժան Փամբուկչյանը (Varujan Pambuccian), ով Ռումինիայի հայոց միության փոխնախագահն է, Պատգամավորների պալատի տեղեկատվական տեխնոլոգիաների մշտական հանձնաժողովի նախագահը եւ ազգային փոքրամասնությունների խորհրդարանական խմբի ղեկավարը:
Ոգեկոչման եւ զոհերի հիշատակի միջոցառումներ են տեղի ունեցել նաեւ Ռումինիայի այլ քաղաքներում` Կոնստանցայում, Կլուժ-Նապոկայում, Սուչավայում, Պիտեշտում:
Միջոցառումները լայնորեն լուսաբանվել են: Ռումինական մամուլում հրապարակվել են նյութեր Հայոց ցեղասպանության տարեդարձի կապակցությամբ, այդ թվում` Ռումինիայում Հայաստանի դեսպանի հոդվածը:
Ավստրիա
Ապրիլի 20-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի նշանավոր Musikverein համերգասրահում տեղի է ունեցել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված համերգ: Դասական երաժշտության աշխարհահռչակ հայազգի կատարողներ` օպերային երգչուհի Հասմիկ Պապյանի, դաշնակահար Վարդան Մամիկոնյանի եւ ջութակահար Սերգեյ Խաչատրյանի (ուղեկցությամբ` դաշնակահարուհի Լուսինե Խաչատրյանի) կողմից հնչեցվել են Կոմիտասի, Բարսեղ Կանաչյանի, Առնո Բաբաջանյանի, Էդուարդ Միրզոյանի, Տիգրան Մանսուրյանի, նաեւ Ցեզար Ֆրանկի, Ֆերենց Լիստի, Ջակոմո Պուչինիի, Ջուզեպպե Վերդիի ստեղծագործություններից:
Ավստրիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ եւ հովանավորությամբ` համերգը կազմակերպվել է Ավստրո-հայկական ընկերության կողմից եւ Ավստրիայի Հայ Առաքելական եկեղեցական համայնքի ֆինանսական աջակցությամբ:
Համերգին ներկա են եղել Ավստրիայի քաղաքական, դիվանագիտական, մշակութային, լրատվական շրջանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, Ավստրիայում, Սլովակիայում եւ միջազգային կազմակերպություններում հավատարմագրված բազմաթիվ դեսպաններ, ավստրիահայեր:
Վրաստան
Ս.թ ապրիլի 23-ին Վրաստանի հայկական հասարակական կազմակերպությունների մոտ 50 ներկայացուցիչ, երեկոյան ջահերով երթ են անցկացրել Վրաստանում Թուրքիայի դեսպանության առջեւ:
Ապրիլի 24-ին Թբիլիսիի Սուրբ Գեւորգ առաջնորդանիստ հայոց եկեղեցում անցկացվել է պատարագ եւ հոգեհանգիստ:
Մոտ 400 հայկական երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչներ եւ հայկական դպրոցների բարձր դասարանների աշակերտներ Թբիլիսիում Թուրքիայի դեսպանության առջեւ անց են կացրել ցույց` ցեղասպանության փաստը ճանաչելու պահանջով:
Այնուհետեւ, Թբիլիսիի պետական հայկական դրամատիկական թատրոնում կայացել է սգո երեկո, որտեղ բացման խոսք է ասել Վրաստանում Հայաստանի դեսպան Հրաչ Սիլվանյանը:
Մեծ եղեռնի ճանաչման խնդրի վերաբերյալ Հայաստանի դեսպանը հարցազրույց է տվել Վրաստանի հեռուստատեսության առաջին ալիքին, հայկական հեռուստաժամի խմբագրությանը եւ մի շարք վրացական թերթերի:
Վրաստանի այլ շրջաններում եւս անցկացվել են Մեծ եղեռնի անմեղ զոհերի հիշատակին նվիրված միջոցառումներ:
Իրան
Ս.թ. ապրիլի 23-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցու հարեւանությամբ Թեհրանի թեմի առաջնորդարանի տարածքում տեղի է ունեցել ծաղկեդրման արարողություն` Հայոց ցեղասպանության 92-րդ տարելիցին նվիրված, որի ընթացքում եկեղեցու բակում գտնվող 1915թ. Հայոց ցեղասպանության բյուրավոր նահատակների հիշատակը հավերժացնող հուշարձանին ծաղկեպսակներ են տեղադրել Իրանում Հայաստանի դեսպանության դիվանագիտական անձնակազմը` դեսպան Կարեն Նազարյանի գլխավորությամբ, նաեւ իրանահայ բոլոր միությունների ու կազմակերպությունների ներկայացուցիչները:
Միջոցառման ընթացքում ներկաներին է դիմել Թեհրանի թեմի առաջնորդ Սեպուհ արք. Սարգսյանը, որից հետո տեղի է ունեցել երիտասարդական ոգեկոչման հանդիսություն:
Ապրիլի 24-ին Թեհրանի Ս. Սարգիս եկեղեցում, ի հիշատակ ցեղասպանության նահատակների, մատուցվել է սուրբ պատարագ:
Պատարագին հաջորդել է հայ համայնքի բազմահազարանոց ներկայացուցիչների բողոքի ակցիան:
Ս.թ. ապրիլի 24-ի երեկոյան Թեհրանի «Արարատ» մարզամշակութային համալիրում տեղի է ունեցել Հայոց ցասպանության 92-րդ տարելիցի ոգեկոչման եւ Եղեռնի նահատակների հիշատակին նվիրված գեղարվեստաթատերական ձեռնարկ, որտեղ ելույթ է ունեցել Իրանում Հայաստանի դեսպան Նազարյանը:
Միջոցառման վերջին հանդես են եկել նաեւ իրանահայ համայնքի եւ Հայաստանից հրավիրված ասմունքի ու համերգային խմբեր:
Նման միջոցառումներ տեղի են ունեցել նաեւ Իրանի այլ հայաշատ քաղաքներում: