Բուլղարիայում Մեծ Եղեռնի զոհերին նվիրված միջոցառումների վերաբերյալ

25 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 22-ին Սոֆիայի «Բուլղարիա» կենտրանական համերգասրահի կամերային դահլիճում տեղի ունեցավ համերգ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերին: Միջոցառումը կազմակերպվել էր ԲՀ-ում ՀՀ դեսպանության եւ Սոֆիայի «Բարեգործական ընդհանուր միության» կողմից:

Ս.թ. ապրիլի 23-ի երեկոյան ԲՀ մայրաքաղաքի հայկական կազմակերպությունների կոորդինացիոն խորհուրդը Սոֆիայի Հայոց ազգային տան (ակումբի) մոտ նախաձեռնել էր հանրահավաք՝ ջահերի լույսի ներքո: Միջոցառման ժամանակ, որին ներկա էին մոտ 100-120 մարդ, ելույթներ ունեցան բուլղարահայ համայնքի ներկայացուցիչներ, ինչպես նաեւ ԲՀ-ում ՀՀ դեսպան Սերգեյ Մանասարյանը:

Ապրիլի 24-ին Սոֆիայի հայկական գերեզմանատանը անցկացվեց հանրահավաք, որին ներկա էին ինչպես հայ համայնքի ներկայացուցիչներ, այնպես եւ Բուլղարայի քաղաքական եւ հասարակական գործիչներ:

Նմանատիպ հանրահավաքներ տեղի են ունեցել նաեւ Պլովդիվում, Վառնայում եւ Բուրգասում: Մեծ Եղեռնի 92-ամյակին նվիրված բոլոր միջոցառումները լայնորեն լուսաբանվել են նաեւ բուլղարական մամուլում եւ հեռուստատեսությամբ:

Ապրիլի 25-ին Բուլղարիայի ժողովրդական ժողովը, Բժժ նախագահ Գեորգի Պիրինսկու առաջարկությամբ, իր հերթական նիստը սկսեց մեկ րոպե լռությամբ՝ ի հիշատակ «Հայոց ցեղասպանության զոհերի»:

Այնուհետեւ ԲՀ խորհրդարանի ամբիոնից ելույթ ունեցավ պատգամավոր Բոյկո Վատեւը եւ ներկայացրեց իր «Բուլղարական ժողովրդական միություն» պատգամավորական խմբի Հայոց Ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող Հայտարարագիր եւ միաժամանակ պահանջեց, որպեսզի վերջինս ընդունվի խորհրդարանի կողմից:

Հայոց եւ բուլղարական ցեղասպանությունը դատապարտող նմանատիպ այլ հայտարարագիր խորհրդարանում ընթերցվեց նաեւ այլ պատգամավորների կողմից:

Բողղարիայի խորհրդարանում ներկայումս սկսվել է ստորագրահավաք Հայոց Ցեղասպանությունը դատապարտող եւ ճանաչող Հայտարարագիրն օրակարգ մտցնելու եւ, համապատասխանաբար, քվեարկության ընթացակարգ անցնելու համար:

Տպել էջը