Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովի վերաբերյալ
25 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 23-ին Բրյուսելի Իզելպ սրահում տեղի է ունեցել Բելգիա-Հայաստան Առեւտրի պալատի կազմակերպած գործարար համաժողովը: «Հայաստանը եւ Վրաստանը բելգիական ներդրումների համար նոր տարածքներ» խորագրով համաժողովը կազմակերպվել է Հայաստանի եւ Վրաստանի դեսպանությունների եւ Աքսա բանկի բելգիական մասնաճյուղի օժանդակությամբ:
Համաժողովը, որին մասնակցում էին բելգիական տնտեսության տարբեր ոլորտները (շինարարություն, դեղագործություն, բարձր տեխնոլոգիաներ, տեքստիլ, սնունդ, տուրիզմ, ադամանդագործություն) ներկայացնող մոտ 6 տասնյակ ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, արտաքին առեւտրով զբաղվող պետական գործակալությունների ղեկավարներ, ողջույնի խոսքով բացել են Բելգիայում Հայաստանի դեսպան Վ. Չիտեչյանը եւ Բելգիայում Վրաստանի դեսպան Ս. Սամեդաշվիլին:
Վիգեն Չիտեչյանը, կարեւորելով Հայաստանի եւ Բելգիայի միջեւ առեւտրատնտեսական կապերի զարգացումը, ընդգծել է Վրաստանի հետ համատեղ միջոցառման անցկացումը` որպես Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության օրինակ, հույս հայտնելով, որ տարածաշրջանի այլ երկրներ եւս կմիանան նման նախաձեռնությունների:
Հայաստանի եւ Վրաստանի տնտեսությունները, ներդրումային դաշտը եւ այդ ոլորտին առնչվող օրենսդրությունը իրենց ելույթներում ներկայացրել են Հայաստան 2020 ծրագրի համահեղինակ, McKinsey ընկերության Բելգիայի գրասենյակի տնօրեն Պիեռ Գյուրջյանը, ԵՄ-ում ՀՀ առեւտրական ներկայացուցիչ Գ. Մելքոնյանը եւ Բելգիայում Վրաստանի փոխդեսպան Դ. Սոլոմոնիան: Բանախոսները պատասխանել են նաեւ գործարարների բազմաթիվ հարցերի:
Համաժողովի ավարտից հետո բելգիացի գործարարներին ներկայացվել են հայ եւ վրացի ժամանակակից նկարիչների ստեղծագործություններ: