ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Քարլա Կարապետյանի հանդիպման վերաբերյալ

23 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 23-ին, նախարար Օսկանյանն ընդունեց ցեղասպանությանը նվիրված «Ճչացողները» (Screamers) փաստագրական ֆիլմի հեղինակ Քարլա Կարապետյանին: Հայտնի ֆիլմը ստեղծվել է ճանաչված «System of A Down» խմբի հետ համատեղ:

Զրույցի սկզբին ֆիլմի հեղինակը տեղեկացրեց, որ այս օրերին «Ճչացողները» ֆիլմը ցուցադրվում է Երեւանում եւ ներկայացրեց ԱՄՆ-ում անցկացված առաջին ցուցադրմանը հետեւած արձագանքները, որոնք անսպասելի մեծ թափ են ստացել: Այժմ կինոնկարը ցուցադրվում է նաեւ Կանադայում, Ֆրանսիայում, Լիբանանում, մոտ ապագայում այն կդիտեն Ռուսաստանում եւ Արգենտինայում:

Բարձր գնահատելով հեղինակների նախաձեռնությունը` նախարար Օսկանյանը կարեւոր համարեց այն, որ ֆիլմն անդրադառնում է ոչ միայն Հայոց, այլեւ այլ ցեղասպանությունների: Նման ոճրագործությունների կանխման տեսակյունից զրուցակիցներն ընդգծեցին տարբեր երկրներում ցեղասպանության ճանաչման ուղղությամբ տարվող աշխատանքի կարեւորությունը:

Տեղեկանք. Քարլա Կարապետյանը պաշտպանել է միջազգային հարաբերությունների գծով դոկտորական Տնտեսագիտության բրիտանական դպրոցում: Նա երկար ժամանակ եղել է BBC լրատվական հեռուստաընկերության մշտական թղթակիցը, այնուհետեւ NBC երեկոյան լուրերի եւ CNBC ֆինանսական լուրերի լրագող:

Լրագրողական գործունեությունից բացի Քարլա Կարապետյանը հեղինակել է մի շարք ֆիլմեր, նրա Աֆղանստանի կանանց վերաբերող ֆիլմը ստացել է «Էմմի» մրցանակ:

Տպել էջը