Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում «Հայոց ցեղասպանության ճանաչումը » թեմայով լսումների վերաբերյալ

23 ապրիլի, 2007

Հայոց ցեղասպանության 92-ամյակի հիշատակման միջոցառումների շրջանակում ս.թ. ապրիլի 20-ին Լոս Անջելեսի քաղաքային խորհրդում տեղի է ունեցել լսում «Հայոց ցեղասպանության ճանաչումը» թեմայով, որի ժամանակ ներկայացվեց խորհրդի կողմից ընդունված Հայոց ցեղասպանության մասին բանաձեւը: Միջոցառմանը ներկա էին Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիյարագոսան, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսեթին, խորհրդի անդամները, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Արմեն Լիլոյանը:

Իր ելույթում Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոսը, խոսելով ցեղասպանության երեւույթի, եւ հատկապես Հայոց ցեղասպանության դատապարտման մասին, մասնավորապես նշեց, որ Հայաստանը մշտապես պայքար է մղում ցեղասպանության չարիքի կրկնման դեմ՝ միջազգային կարգի ամրապնդմանը, աշխարհում մարդու իրավունքների առավել պաշտպանվածությանը, կրթությանը եւ ցեղասպանությունների մասին իրազեկության բարձրացմանը նպաստելու միջոցով:

Հիմնական զեկուցողը՝ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի նախագահը, դատապարտելով Հայոց ցեղասպանությունը, կարեւորեց Կալիֆորնիայի օրենսդիր մարմնի ստորին պալատի եւ Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի կողմից ընդունված բանաձեւերը: Լոս Անջելեսի քաղաքապետն իր հերթին կոչ արեց ԱՄՆ Կոնգրեսին ընդունել ցեղասպանության վերաբերյալ բանաձեւը եւ հորդորեց ֆեդերալ կառավարությանը ճանաչել այն:

Տպել էջը