Ֆրանսիայի Մեդոն լա Ֆորե քաղաքի հրապարակում հուշաքարի բացման վերաբերյալ
23 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 21-ին Ֆրանսիայի Մեդոն լա Ֆորե քաղաքի քաղաքապետ Էրվե Մարսեյը եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը քաղաքի կենտրոնական հրապարակում հանդիսավոր կերպով բացումը կատարեցին Հայոց ցեղասպանության զոհերի եւ հանուն Ֆրանսիայի ընկած հայ մարտիկների հիշատակին նվիրված հուշաքարի:
Հանդիսավոր արարողությանը ներկա էին Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, խորհրդարանի այլ անդամներ, Օ-դը-Սենի Գլխավոր խորհրդի պատվիրակներ, շրջակա քաղաքների քաղաքային իշխանությունների ներկայացուցիչներ, Ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, ֆրանսահայ հոգեւոր իշխանությունների ներկայացուցիչներ եւ Մեդոնի լա Ֆորեի հարյուրավոր բնակիչներ:
Հայաստանի եւ Ֆրանսիայի հիմների ներքո խոնարհվեցին մարտական դրոշները, հուշաքարին զետեղվեցին ծաղկեպսակներ:
«Պատահական չէ, որ հուշաքարին գրված է՝ 1915թ. ցեղասպանության նահատակների եւ հանուն Ֆրանսիայի ընկած հայ ռազմիկների հիշատակին,- բացման խոսքում ասաց դեսպան Նալբանդյանը:- Դա մեծապես խորհրդանշական է, քանի որ հենց ցեղասպանությունից փրկվածների զավակներն էին, որ լիովին նվիրվեցին Ֆրանսիային, որպես երախտիքի նշան Երկրորդ համաշխարհային պատերազմում իրենց կյանքը տալով հանուն նրա: Մենք հավաքվել ենք այստեղ հարգանքի տուրք մատուցելու մարդկության դեմ գործված ոճիրի զոհերի հիշատակին, բայց նաեւ՝ փառքով պսակելու հիշատակը նրանց, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն այդ նույն մարդկային արժեքների»:
Ապրիլի 22-ին Փարիզի Աստվածամոր տաճարում մատուցվեց պատարագ հայ նահատակների հիշատակին: Ֆրանսիայի գլխավոր տաճարում հայկական ծեսով տրված պատարագին, որտեղ քարոզը կարդաց Դիժոնի արքեպիսկոպոս Միշել Կոլոնին, ներկա էին ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր, նախկին նախարար Պատրիկ Դեվեջյանը, քաղաքական եւ պետական դեմքեր, դիվանագետներ եւ հազարավոր հայ եւ օտար հավատացյալներ:
Փարիզի Աստվածամոր տաճարի հրապարակում ապրիլի 21-ին եւ 22-ին Ժխտողականության դեմ պայքարի հայկական երիտասարդական կազմակերպությունների նախաձեռնությամբ կանգնեցվել էր զգոնության պատնեշ ժխտողականության դեմ: Տասնյակ վահանակները հազարավոր այցելուներին պատմում էին 20-րդ դարի առաջին ցեղասպանությունից մինչեւ 21-րդ դարի մի այլ՝ Դարֆուրի ցեղասպանության, ինչպես նաեւ թուրք ազգայնամոլների հերթական զոհի՝ հասարակական գործիչ եւ լրագրող Հրանտ Դինքի մասին: