Հնդկաստանի արվեստի եւ մշակույթի ժառանգության ազգային հիմնադրամում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հանդիպման վերաբերյալ
23 ապրիլի, 2007
Ս.թ. ապրիլի 20-ին «Հնդկաստանի արվեստի եւ մշակույթի ժառանգության ազգային հիմնադրամ» հասարակական կազմակերպությունում կազմակերպել էր հանդիպում Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանի հետ:
Միջոցառման սկզբում Հիմնադրամի նախագահ պարոն Ս.Կ. Միշրան համառոտ ներկայացրեց 1984 թ. Ռաջիվ Գանդիի կողմից հիմնադրված կազմակերպության գործունեությունը, որն իր մասնաճյուղերն ունի ԱՄՆ-ում, Կանադայում, Բելգիայում, ինչպես նաեւ Հնդկաստանի 140 կետերում:
Ելույթ ունեցան մշակութային, ճարտարապետական եւ արվեստի ժառանգության բաժանմունքների տնօրենները, որոնք ներկայացրեցին մանրամասներ կատարված ծրագրերի եւ իրականացվող աշխատանքների մասին մշակութային ժառանգության պահպանման ուղղությամբ:
Այնուհետեւ ելույթով հանդես եկավ Հնդկաստանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը: Նա ներկաներին տրամադրեց մանրամասներ Հայաստանի քաղաքական եւ տնտեսական զարգացումների, արտաքին քաղաքականության առաջնայնությունների, հայ-հնդկական պատմական կապերի, Հնդկաստանում հայ համայնքի եւ պատմամշակութային կոթողների, Հայաստան-Հնդկաստան երկկողմ հարաբերությունների մակարդակի մասին:
Դեսպանն անդրադարձավ հայկական պատմական եւ ճարտարապետական հսկայական ժառանգության պահպանման խնդիրներին Հայաստանում եւ աշխարհի տարբեր երկրներում: Նա բարձր գնահատեց հայկական մշակութային կոթողների նկատմամբ ցուցաբերվող Հնդկաստանի եւ այլ երկրների կառավարությունների հոգատարությունը:
Ընդգծելով, որ միջոցառումը տեղի է ունենում 1915թ. Օսմանյան կայսրությունում հայերի հանդեպ կատարված 20-րդ դարի առաջին ցեղասպանության 92-րդ տարելիցի նախօրեին, անդրադարձ կատարվեց հայոց ցեղասպանության պատմական փաստերին, միջազգային ճանաչման գործընթացին եւ հայկական մշակութային կոթողների նկատմամբ կատարված բարբարոսական ակտերին:
Ելույթի ընթացքում ցուցադրվեցին տեսանյութեր Հայաստանի տեսարժան վայրերի եւ մշակութային կոթողների մասին:
Դեսպանը պատասխանեց ներկաների հարցերին եւ տեղեկացրեց Հայաստանի մտադրության մասին` մասնակցելու ս.թ. դեկտեմբերին Դելիում կազմակերպվող ժառանգության պահպանման խնդիրներին նվիրված միջազգային համաժողովի աշխատանքներին: