Կիեւում «Հայկական կինոյի օրեր Ուկրաինայում» փառատոնի մեկնարկի վերաբերյալ
20 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 19-ին Կիեւում մեկնարկեց «Հայկական կինոյի օրեր Ուկրաինայում» փառատոնը: «Գաբրի» պրոդյուսերական կենտրոնի կողմից` ՀՀ դեսպանության հովանու ներքո, կազմակերպված փառատոնի ընթացքում կցուցադրվեն ինչպես հայաստանցի, այնպես էլ այլ երկրներ ներկայացնող հայազգի կինոռեժիսորների ֆիլմեր:
Կիեւի «Կինոպանորամա» կինոթատրոնում ապրիլի 19-ին կայացած փառատոնի պաշտոնական բացման արարողության ժամանակ ողջույնի խոսքով հանդես եկավ Ուկրաինայում ՀՀ դեսպան Արմեն Խաչատրյանը: Ներկաներին իրենց ելույթներով ողջունեցին նաեւ Ուկրաինայում հանրահայտ ջազային երաժիշտ Անատոլի Ալեքսանյանը եւ Ուկրաինայի հայերի միության «Հայրենիք» պարի համույթը:
Բացման հանդիսավոր արարողությունից հետո ցուցադրվեց Սերգեյ Փարաջանովի «Նռան գույնը» կինոնկարը:
Փառատոնի բացման առիթով, ապրիլի 18-ին ուկրաինական «Ռադիո Էռա» ռադիոկայանի կազմակերպած հաղորդման ընթացքում Արմեն Խաչատրյանը, մասնավորապես, նշեց, որ փառատոնը մի նոր էջ կավելացնի երկու ժողովուրդների դարավոր մշակութային կապերին: ՀՀ դեսպանը ուղիղ եթերում պատասխանեց նաեւ ռադիոլսողների բազմաթիվ հարցերին` նվիրված Հայաստանին, հայ-ուկրաինական հարաբերություններին եւ այլն:
Փառատոնը Կիեւում կտեւի մինչեւ ապրիլի 24-ը, որից հետո այն կանցկացվի Ուկրաինայի Խարկով, Օդեսա, Լվով, Դոնեցկ, Դնեպրոպետրովսկ եւ Սիմֆերոպոլ քաղաքներում: