Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի մասնակցության վերաբերյալ

19 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 19-ին Բելգրադում ՀՀ ԱԳ նախարարը մասնակցեց Սեւծովյան տնտեսական համագործակցություն կազմակերպության ԱԳ նախարարների հանդիպմանը:

ԱԳ նախարարների նիստը, որին մասնակցում էին Հունաստանի, Ռուսաստանի, Ռումինիայի, Թուրքիայի, Ադրբեջանի արտգործնախարարները, կազմակերպության անդամ պետությունների այլ բարձրաստիճան պատվիրակություններ, բացեց ՍԾՏՀ նախագահող` Սերբիայի ԱԳ նախարար Վուկ Դրաշկովիչը (Vuk Draskovic): Այնուհետեւ մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեց Սերբիայի նախագահ Բորիս Թադիչը (Boris Tadic):

ՀՀ արտգործնախարարն իր ելույթում նշեց. «Սեւծովյան տնտեսական համագործակցությունը սկզբնավորվեց համագործակցության, ինտեգրման ու օժանդակության համար կոնկրետ հնարավորություններ ընձեռելու համար, բոլորին հնարավորություն տալու օգուտ քաղել ներուժի անսահման շրջանից, կամ, կարող եմ ասել, ներուժի անսահման ծովից: Անհրաժեշտությունը, որ պարզ էր 15 տարի առաջ, ավելի սրությամբ է զգացվում միայն այսօր, հատկապես երբ քննարկում ենք ԵՄ-ի հետ մեր հարաբերությունները խորացնելու հարցը»:

Այնուհետեւ նախարար Օսկանյանը խոսեց կազմակերպության ընձեռած համագործակցության հնարավորությունների մասին, նշելով, որ, եթե այսօր մենք ստորագրում ենք Բելգրադի հռչակագիրը, դա այն պատճառով է, որ ընդունում ենք, վերահաստատում ու շեշտում այն, ինչ մեր պետությունների ու կառավարությունների ղեկավարները ստորագրեցին 1992թ.-ի հունիսին. որ մեր անդամների միջեւ տնտեսական անհավասարություն կա, որ պատմական ու այլ դրդապատճառներով քաղաքական տատանումներ կան, եւ, որ, ի վերջո, դրանցից որեւէ մեկը պատճառ չէ խուսափելու համագործակցությունից: Հակառակը, դրանք հենց այն տրամաբանությունն ու դրդապատճառներն են, որոնք, թեեւ դանդաղորեն ու փուլերով, պետք է խթանեն, խրախուսեն ու օժանդակեն համագործակցության ծավալմանը: Եվ մենք դա արել ենք: Բանկից մինչեւ Կենտրոնի հիմնումը, մենք ստեղծել ենք հաջողված, գործող մեխանիզմներ բազմակողմանի համագործակցության համար:

Նախարարը նաեւ նշեց. «Մեզանից որեւէ մեկն այստեղ` ՍԾՏՀ-ում, հրավերով չէ: Մենք այստեղ ենք, որովհետեւ մենք այստեղ, այս հարեւանության մեջ, այս տարածաշրջանի մեջ ենք: Եվ այստեղ` այս տարածաշրջանում, մենք ունենք տրանսպորտային համակարգեր, որ միավորման կարիք ունեն, ոչ թե` բաժանման, ունենք էներգետիկ համակարգեր, որոնք պետք է միմյանց հետ կիսել, ոչ թե` միմյանցից մեկուսացնել, բանկային համակարգեր, որոնք կարիք ունեն ռեսուրսների ավելացման, ոչ թե` նվազեցման, կրթական համակարգեր, որոնք պետք է ընդլայնվեն, ոչ թե` մեկուսանան, հասարակություններ, որոնք պետք է ներառական լինեն, ոչ թե` բացառող»:

Հանդիպման արդյունքում ընդունվեց Բելգրադյան հռչակագիրը եւ ստորագրվեց Սեւծովյան օղակաձեւ մայրուղու համակարգված զարգացման փոխըմբռնման հուշագիրը: Հանդիպումից հետո նախարար Օսկանյանը մասնակցեց հուշագրի ընդունմանը նվիրված Քարավան 2007 ավտոարշավի մեկնարկին նվիրված հանդիսավոր արարողությանը:

Առաջիկա կես տարվա համար նախագահությունը Սերբիայից փոխանցվեց Թուրքիային: ՍԾՏՀ կազմակերպության 15-ամյակի կապակցությամբ ս.թ. հունիսի 25-ին Ստամբուլում տեղի կունենա ՍԾՏՀ գագաթաժողովը:

Տպել էջը