ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստում ելույթի եւ Ավստրիայի խորհրդարան այցի վերաբերյալ
17 ապրիլի, 2007Ավստրիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը մասնակցեց ԵԱՀԿ մշտական խորհրդի նիստին:
Իր ելույթում նախարար Օսկանյանը խոսեց ԵԱՀԿ բարեփոխումների, ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի գործունեության, Հայաստանում խորհրդարանական ընտրությունների, հայ-թուրքական հարաբերությունների, ինչպես նաեւ` Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացի ներկա փուլի մասին:
Նախարարի ելույթին հաջորդեցին ԵԱՀԿ անդամ պետությունների դեսպանների մեկնաբանություններն ու հարցերը:
Օրվա առաջին կեսին ՀՀ ԱԳ նախարարն այցելեց Ավստրիայի խորհրդարան, ուր տեղի ունեցավ հանդիպում խորհրդարանի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Կասպար Այնեմի հետ:
Կողմերը զրուցեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, կարեւորելով դրանց միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Նախարարը ընդգծեց, որ առաջիկա ընտրությունները լրջագույն մարտահրավեր են Հայաստանի համար` ազատ եւ արդար ընտրությունների միջոցով փաստելու ժողովրդավարության եւ իրավունքի գերիշխանության շուրջ մեր համախմբման նպատակամղվածությունը:
Անդրադառնալով երկկողմ համագործակցության հարցերին, կողմերը կարեւորեցին ընտրություններից հետո երկու երկրների խորհրդարանականների միջեւ համագործակցության հաստատումը:
Պարոն Այնեմի խնդրանքով նախարարը ներկայացրեց ՀՀ արտաքին քաղաքականության առաջնայնությունները, հարեւանների հետ հարաբերությունները, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հեռանկարները: