Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ավստրիայի արտգործնախարար Ուրսուլա Պալսնիկի հանդիպման վերաբերյալ
16 ապրիլի, 2007Աշխատանքային այցով Ավստրայում գտնվող Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. ապրիլի 16-ին հանդիպեց Ավստրիայի եվրոպական եւ միջազգային հարցերի նախարար Ուրսուլա Պլասնիկի (Ursula Plassnik) հետ:
Հանդիպման սկզբում նախարարները գնահատական տվեցին երկկողմ հարաբերություններին, նշելով, որ վերջին տարիներին Հայաստանի եւ Ավստրիայի միջեւ զգալի ակտիվացել են քաղաքական շփումները, տեղի են ունեցել մի շարք կարեւոր բարձրաստիճան այցելություններ: Երկու պետությունների դիրքրորշումներին առավել մանրամասնորեն ծանոթացման, քաղաքական համագործակցության զարգացման առումով նախարարները դրական գնահատեցին ս.թ. մարտին Երեւանում ԱԳՆ-ների միջեւ անցկացված խորհրդատվություններին: Նշվեց, որ Ավստրիայի կառավարության որոշումը Հայաստանում նոր դեսպանի (նստավայրը` Վիեննա) նշանակման վերաբերյալ կնպաստի երկկողմ կապերի ակտիվացմանը:
Այնուհետեւ կողմերը խոսեցին Հայաստանում խորհրդարանական ընտրությունների մասին, որի կապակցությամբ նախարար Պլասնիկը կարեւորեց ընտրությունների ազատ եւ արդար անցկացումը: Նա տեղեկացրեց, որ ավստրիական կողմը մտադիր է մասնակցել ընտրությունների դիտորդական առաքելություններում: Նախարար Օսկանյանը վերահաստատեց ՀՀ իշխանությունների հավատարմությունը միջազգային չափանիշներին համապատասխան ընտրությունների անցկացման հարցում, ինչի համար այսօր կան բոլոր նախադրյալները:
ՀՀ ԱԳ նախարարը ասաց, որ հայ-ավստրիական փոխհարաբերությունները զարգացման լավ հեռանկարներ ունեն ամենատարբեր բնագավառներում՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, կրթական, առողջապահական: Նա նշեց, որ հայ-ավստրիական քաղաքական երկխոսության ծավալման համար նոր հեռանկարներ են բացվում ԵՄ Նոր հարեւանության քաղաքականության շրջանակներում ստորագրված ԵՄ-Հայաստան գործողությունների ծրագրի շրջանակներում:
Նախարար Օսկանյանի կարծիքով, ԳԾ իրագործման ուղղությամբ Ավստրիայի հետ համագործակցության համար հեռանկարային կարելի է համարել բանկային, բարձր տեխնոլոգիների, զբոսաշրջության եւ գյուղատնտեսության ոլորտները:
Անդրադառնալով առեւտրատնտեսական ոլորտում գործակցության զարգացմանը, կողմերը նշեցին մարտի 7-9-ը Վիեննայում անցկացված հայ - ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեղնիկական համագործակցության խառը հանձնաժողովի երրորդ նիստի եւ հայ - ավստրիական գործարար համաժողովի արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործման անհրաժեշտությունը:
Արտաքին գերատեսչությունների ղեկավարները մտքերի փոխանակում կատարեցին Հայաստանի եւ հարեւանների հետ հարաբերությունների, ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության բանակցությունների ընթացքի, ռուս-վրացական հարաբերությունների, ինչպես նաեւ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված իրավիճակի շուրջ:
Նախարար Պլասնիկի խնդրանքով, ՀՀ ԱԳ նախարարը մանրամասնորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ընթացքն ու հեռանկարները, մասնավորապես ապրիլի 18-ին Բելգրադում կայանալիք Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լույսի ներքո:
Օրվա առաջին կեսին աշխատանքային ճաշի ընթացքում ՀՀ արտգործնախարարին ընդունեց Ավստրիայի ԱԳՆ պետական քարտուղար Հանս Վինկլերը:

Ուշ երեկոյանՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը «Հայաստանի արտաքին քաղաքականությունը դժվարին ժամանակներում, դժվար միջավայրում» թեմայով դասախոսություն է կարդալու Վիեննայի դիվանագիտական ակադեմիայում: