Ֆրանսիայի Կլիշի լա Գարեն քաղաքում Ապրիլի 24-ի հրապարակի բացման բերաբերյալ

16 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 15-ին Ֆրանսիայի Կլիշի լա Գարենի (Clichy la Garenne) քաղաքապետ Ժիլ Կատուարը (Gilles Catoire) եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը քաղաքի կենտրոնում բացումը կատարեցին Ապրիլի 24-ի հրապարակի (Place du 24 Avril 1915)՝ նվիրված 1915թ. Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Հանդիսավոր արարողությանը ներկա էին Օ դը Սենի նահանգային իշխանությունների ներկայացուցիչներ, ֆրանսահայ կազմակերպությունների ղեկավարներ, քաղաքի հարյուրավոր բնակիչներ:

Շնորհակալություն հայտնելով Կլիշի լա Գարենի քաղաքային իշխանություններին Ապրիլ 24-ի հրապարակի բացման կապակցությամբ՝ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը նշեց, որ Հայոց ցեղասպանության զոհերի ոգեկոչումը ոչ միայն հարգանքի ու համերաշխության տուրք է հայ ժողովրդին, այլեւ առավել եւս զգոնության կոչ համայն մարդկությանը, որպեսզի ամենուր անհաշտ պայքար տարվի նման ոճիրների կրկնության դեմ: Մարդկության դեմ ոճիրի շարունակություն է նաեւ պատմության նենգափոխումն ու ժխտողականությունը, որ դարձել է մեր ժամանակների չարիքը, ասաց դեսպանը:

Նույն օրը Կլիշի լա Գարենի Պատերազմի վետերանների թանգարանում բացվեց «1915-2005. Քսաներորդ դարի առաջին ցեղասպանությունը» ցուցահանդեսը:

Տպել էջը