Երիտասարդ լրագրողների համար հայտարարված մրցույթի վերաբերյալ

13 ապրիլի, 2007

ՄԱԿ-ի Դագ Համարշյոլդի (The Dag Hammarskjold Scholarship Fund) անվան Լրագրողների հիմնադրամը հայտարարել է մրցույթ երիտասարդ լրագրողների համար տաս շաբաթ տեւողություն ունեցող ուսուցողական ծրագրին մասնակցելու համար: Ծրագիրը հնարավորություն կընձեռի Ասիայի, Աֆրիկայի, Լատինական Ամերիկայի եւ Արեւելյան Եվրոպայի երկրների ռադիոյի, հեռուստատեսության եւ տպագիր մամուլի 25-35 տարեկան երիտասարդ լրագրողներին` լուսաբանելու ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանի աշխատանքները:

Մրցույթի մասնակիցներից կընտրվեն չորսը:
Տաս շաբաթ տեւողությամբ այս ծրագիրը մեկնարկում է ս.թ. սեպտեմբերին` ՄԱԿ-ի ԳԱ 62-րդ նստաշրջանի նախօրերին: Հրավիրող կողմը հոգում է ուղեւորության, կեցության ծախսերը, ինչպես նաեւ տրամադրում է օրապահիկ:

2006թ. մրցանակներ են շնորհվել Աֆղանստանի, Բրազիլիայի, Հնդկաստանի եւ Նիգերիայի ներկայացուցիչներին: 2007թ. մրցույթի հաղթողների անունները կհրապարակվեն ս.թ. հունիսին Հիմնադրամի տնօրինության կողմից: Հայտերի ընդունման վերջնաժամկետն է ս.թ. ապրիլի 30-ը:

Ծրագրի վերաբերյալ մանրամասն տեղեկություններ պարունակող փաստաթղթերն ու հայտերի ընդունման դիմում-թերթիկների օրինակները տեղադրված են www.unjournalismfellowship.org կայքում: Ստորագրված դիմում-թերթիկների եւ հեղինակած հրապարակումների ներկայացումը պարտադիր է:

Ծրագրի համակարգողների հետ նամակագրությունը հնարավոր է իրականացնել info@unjournalismfellowship.org էլեկտրոնային հասցեով:

Տպել էջը