ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ Ամերիկյան ռազմական քոլեջի պատվիրակության հանդիպման վերաբերյալ
09 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 9-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց երկօրյա ճանաչողական այցով ժամանած Ամերիկյան ռազմական քոլեջի պատվիրակությանը` նույն կառույցի արտաքին կապերի բաժնի աշխատակից Թամարա Ֆիցջերալդի (Tamara Fitzgerald) գլխավորությամբ:
Պարոն Օսկանյանը ողջունեց պատվիրակության անդամներին Հայաստան կատարած այցի կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նրանց այցելությունն իր նպատակին կծառայի:
Պարոն Օսկանյանը, տկն. Ֆիցջերալդի խնդրանքով, ներկայացրեց ԼՂ հիմնահարցի առանձնահատկությունները, ինչպես նաեւ նրա շուրջ ծավալվող վերջին զարգացումները:
Դրան հետեւեցին նախարարի հանգամանալից պարզաբանումները հյուրերին հուզող հարցերին, որոնք հիմնականում առնչվում էին ՀՀ արտաքին քաղաքականության առաջնահերթություններին, հայ-թուրքական սահմանի բացման խնդրին, Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացներին, Հայաստան-Սփյուռք հարաբերություններին, էներգետիկ ոլորտին, դեմոգրաֆիական հարցերին, հակակոռուպցիոն միջոցառումներին, տարածաշրջանային համագործակցությանը խոչընդոտող խնդիրներին, հայ ժողովրդի մոտեցումներին այլ դավանանքի ազգությունների հետ համակեցությանը: