ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատարի հանդիպման վերաբերյալ
06 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 6-ին ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության գործերի հավատարմատար, խորհրդական Ռաուլ դե Լուցենբերգերին (Raul de Luzemberger):
Հանդիպման սկզբին պրն Օսկանյանը շնորհավորեց հյուրին Երեւանում նոր առաքելությունը ստանձնելու կապակցությամբ եւ հույս հայտնեց, որ նրա գործունեությունն ավանդ կբերի ԵՄ- Հայաստան համագործակցության աշխուժացման գործում:
Գործերի հավատարմատարը Վարան Օսկանյանին փոխանցեց Եվրոպական հանձնաժողովի արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինության ղեկավար Է. Լանդաբուրուի ուղերձը, որում արտահայտվում է եվրոպական կողմի լիիրավ պատրաստակամությունը` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում ԵՄ- Հայաստան Գործողությունների ծրագրի իրականացման ընթացքում Հայաստանին աջակցելու հարցում:
Նա նշեց Եվրոպական հանձնաժողովի շահագրգռվածությունը` Երեւանում ներկայացված լինելու դեսպանի մակարդակով, ինչպես նաեւ տեղեկացրեց ընթացիկ տարում Է. Լանդաբուրուի` Հայաստան այցելելու մտադրության մասին:
Տեղեկանք: Ծնվել է 1958թ. Իտալիայի Նեապոլ քաղաքում: Ունի էկոնոմետրիայի եւ տնտեսագիտության մագիստրոսի կոչում: 1998-2003թթ. եղել է ՏԱՍԻՍ-ի Մինսկի գրասենյակի ղեկավար, 2003- 2007թթ.`Եվրոպական հանձնաժողովի Արտաքին հարաբերությունների գլխավոր տնօրինությունում` Մոլդովայի հարցերով պատասխանատու: Գերազանց տիրապետում է անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներին: