Հայաստանի եւ Չինաստանի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ Պեկինում կազմակերպված ընդունելության վերաբերյալ

06 ապրիլի, 2007

Հայաստանի Հանրապետության եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 15-ամյակի կապակցությամբ Չինաստանի մայրաքաղաք Պեկինում այս օրերին անցկացվող հոբելյանական մի շարք միջոցառումների շրջանակներում ս.թ. ապրիլի 4-ին Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ժողովրդական ընկերակցությունում տեղի ունեցավ հանդիսավոր ընդունելություն, որի կազմակերպմանը համատեղ մասնակցել էր ՉԺՀ-ում ՀՀ դեսպանությունը:

Ընդունելությանը մասնակցեցին Ժողովրդական Ներկայացուցիչների Համաչինական Ժողովի Մշտական Կոմիտեի նախագահի տեղակալ Իսմայիլ Այմաթը, ՉԺՀ ԱԳՆ մի խումբ բարձր պաշտոնատարներ` ԱԳ նախարարի տեղակալ Լի Հուեյի գլխավորությամբ, ՉԺՀ այլ նախարարությունների ու գերատեսչությունների ղեկավարներ եւ ներկայացուցչիներ:

Ողջույնի խոսքով բացելով հանդիսավոր ընդունելությունը, Արտասահմանյան երկրների հետ բարեկամության չինական ժողովրդական ընկերակցության նախագահ Չեն Հաոսուն մեծ դրվատանքով առանձանշեց անցած 15 տարիների ընթացում երկու բարեկամ երկրների միջեւ առեւտրատնտեսական, մշակութային, գիտակրթական եւ այլ ոլորտներում հաստատված համագործակցության բարձր մակարդակը, որն անշեղորեն զարգանում է ինչպես պետական-կառավարական, այնպես էլ հասարակական կազմակերպությունների միջեւ:

Պատասխան ելույթում Չինաստանում Հայաստանի դեսպան Վասիլի Ղազարյանն ընդգծեց, որ հայ-չինական բարեկամական կապերի պատմությունը գալիս է դարերի խորքից, իսկ այսօր երկկողմ հարաբերությունները խարսխված են իրավահավասարության եւ փոխադարձության սկզբունքներին, որոնց շրջանակներում շարունակ ընդլայնվում է քաղաքական արդյունավետ երկխոսությունը, օրավուր ամրապնդվում է փոխշահավետ համագործակցությունը առ—տրի, տնտեսության, մշակույթի, գիտության, կրթության, ռազմատեխնիկական աջակցության եւ այլ բնագավառներում:

Հոբելյանական միջոցառումը լուսաբանվեց չինական հեռուստատեսությամբ, «Սինխուա» գործակալության եւ այլ ԶԼՄ-ների հաղորդագրություններով, իսկ «Ժենմին Ժիբաո» պաշտոնաթերթը հրապարակել է երկու երկրների նախագահների եւ արտգործնախարարների միջեւ փոխանակված շնորհավորական ուղերձները, ինչպես նաեւ ՉԺՀ-ում ՀՀ դեսպանի բացառիկ հարցազրույցը 15-ամյա հոբելյանի կապակցությամբ:

Տպել էջը