Ֆրանսիայի Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հնարավորություններին նվիրված միջազգային կոնֆերանսի վերաբերյալ

04 ապրիլի, 2007

Ս.թ. մարտի 30-ին Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքում տեղի ունեցավ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի հնարավորություններին նվիրված միջազգային կոնֆերանս, որին մասնակցում էին Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, ինչպես նաեւ միջազգային կազմակերպություններից հրավիրված պատասխանատուներ եւ մասնագետներ: Հայկական պատվիրակությունը ղեկավարում էր ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման փոխնախարար Տիգրան Դավթյանը:

Կոնֆերանսը բացեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի փոխնախագահ Անդրե Սանտինին եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը: Կոնֆերանսի մասնակիցները մեկ րոպե լռությամբ հարգեցին ՀՀ վարչապետ Անդրանիկ Մարգարյանի հիշատակը:

Հայաստանի տնտեսության եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի կառավարության քաղաքականության վերաբերյալ հիմնական զեկուցումով հանդես եկավ փոխնախարար Տիգրան Դավթյանը: Այնուհետեւ Հայաստանում այդ ոլորտի ներկա հնարավորությունների եւ զարգացման հեռանկարների վերաբերյալ ելույթներ ունեցան Մակքենզիի տնօրենի տեղակալ Պիեռ Գյուրջյանը (Բելգիա, McKinsey Belgium), որը «Հայաստան 2020» ծրագրի նախաձեռնողներից է եւ Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի տնօրեն Բագրատ Ենգիբարյանը (Հայաստան):

«Մայկրոսոֆտ կորպորացիայի» փոխնախագահ Վահե Թորոսյանն իր ելույթում բարձր գնահատեց վերջին տարիներին տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանի արձանագրած տպավորիչ առաջընթացը՝ այդ ուղղությամբ կարեւորելով Հայաստանի կառավարության ձեռնարկած հետեւողական քայլերը, որոնցից մեկը ընթացիկ տարվա փետրվարի սկզբին «Մայկրոսոֆտ կորպորացիայի» եւ Հայաստանի կառավարության միջեւ ստորագրված համաձայնագիրն էր: Ամերիկյան IEEE (Institute of Electrical and Electronic Engineers) ընկերության փոխնախագահ եւ Virage Logic-ի գիտական տնօրեն Երվանդ Զորյանը նույնպես խոսեց ոլորտի հայաստանյան հնարավորությունների եւ այդ միջավայրում գործելու արտասահմանյան ընկերությունների հետաքրքրության մասին:

Կոնֆերանսի երկրորդ մասում Հայաստանում իրենց ընկերությունների գործունեությունը եւ կուտակած փորձը ներկայացրեցին Ռիչարդ Բեզջյանը (Boomerang Software), Մլադեն Մատիգասը (EpygiArm), Արտակ Աբեդին (Damaris) եւ Զարեհ Թութունջյանը (Sysronics):

Կոնֆերանսին ներկա էին ֆրանսիական մոտ հինգ տասնյակ ընկերությունների ղեկավարներ եւ ներկայացուցիչներ, որոնց մեջ՝ Ալկատելը (Alcatel), Ֆրանս Տելեկոմը (France Telecom), Աթոս Օրիջինը (Atos Origin), Օրակլը (Oracle), Կապ դիժիտալը (CAP Digital), Վիոլեն (Violet) եւ Իսի-լե-Մուլինոյի, որը համարվում է տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառի Ֆրանսիայի ամենակարեւոր կենտրոններից մեկը, ինչպես նաեւ Արկ դը Սենի տասնյակ այլ ընկերություններ:

Հայկական պատվիրակության կազմի մեջ էին ընդգրկված ՀՀ նախագահի օգնական Լիլիթ Գեւորգյանը, Երեւանի Առեւտրի պալատի նախագահ, Արմինկոյի տնօրեն Անդրանիկ Ալեքսանյանը, ինչպես նաեւ Երեւանի պետական համալսարանի, Զարգացման հայկական գործակալության ու հայկական մի շարք ընկերությունների ղեկավարներ ու ներկայացուցիչներ:

Միջազգային այս կոնֆերանսը կազմակերպվել էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետարանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության եւ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարության համատեղ ջանքերով, ինչպես նաեւ Ֆրանսահայ Միջազգային միջմասնագիտական ընկերակցության (G2iA), Իթեմս Ինտերնեշնալի (ITEMS International, Ֆրանսիա) եւ ԵԱՀԿ Երեւանի գրասենյակի աջակցությամբ:

Տպել էջը