Ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու ստեղծագործությունների ցուցահանդեսների բացման վերաբերյալ
04 ապրիլի, 2007Ս.թ. ապրիլի 2-ին Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում Փարիզի Ժամանակակից արվեստի ազգային թանգարանում՝ Պոմպիդու կենտրոնում եւ Գալուստ Գյուլբենկյան Մշակութային կենտրոնում միաժամանակ բացվեցին ամերիկահայ մեծ նկարիչ Արշիլ Գորկու (Ոստանիկ Ադոյան, 1904-1948) ստեղծագործությունների ցուցահանդեսները: Ներկայացված են նկարչի քառասունից ավելի կտավներ եւ գծանկարներ, որոնք բերվել են ԱՄՆ-ից, Պորտուգալիայից, Անգլիայից, ինչպես նաեւ Պոմպիդու կենտրոնի եւ առանձին անհատների հավաքածուներից:
Այս զույգ ցուցահանդեսների բացման արարողությանը, որին մասնակցում էին Ժորժ Պոմպիդու Արվեստի եւ Մշակույթի ազգային կենտրոնի նախագահ Բրունո Ռասինը, Գալուստ Գյուլբենկյան հաստատության Վարչական խորհրդի նախագահ Էմիլիո Լուի Վիլարը (Լիսաբոն) եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը, ներկա էին Գորկու կինը, աղջիկը եւ թոռները:
Արշիլ Գորկու ցուցահանդեսը տեւելու է մինչեւ հունիսի 4-ը: