Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում կայացած Ֆուտբոլային հանդիպման վերաբերյալ

04 ապրիլի, 2007

Ս.թ. մարտի 31-ին Ֆրանսիայի Իսի-լե-Մուլինո քաղաքի ստադիոնում կայացավ «Ֆուտբոլի ֆրանսահայ աստղերի» եւ «Ֆրանսիայի խորհրդանշական հավաքականի» հանդիպումը: Հայկական թիմի կորիզն էին կազմում ֆուտբոլի աշխարհի չեմպիոններ, Ֆրանսիայի հավաքականի նախկին անդամներ Յուրի Ջորկաեֆը եւ Ալեն Պողոսյանը, ինչպես նաեւ Էրիկ Ասադուրյանը եւ Երեւանի «Արարատի» նախկին խաղացող Աշոտ Խաչատրյանը: Հայկական թիմի մեջ էր ընդգրկված նաեւ Ֆրանսիայում ՀՀ դեսպանության խորհրդական Վահագն Աթաբեկյանը:

«Աշխարհի հավաքականը» բաղկացած էր ֆրանսիացի հայտնի այլ ֆուտբոլիստներից, ինպես նաեւ մարզական հռչակավոր մեկնաբաններից: Միջոցառումն անցկացվում էր Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում եւ խորհրդանշական ձեւով փակում էր Իսի-լե-Մուլինոյում Հայաստանի տարվա քառասուն միջոցառումների շարքը, որը քաղաքապետարանը եւ տեղի մշակութային ու մարզական միությունները կազմակերպել էին այս տարվա փետրվարի 1-ից սկսած:

Ֆուտբոլային հանդիպման մեկնարկը տվեցին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետ Անդրե Սանտինին, Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը եւ Ֆրանսիական հեռուստատեսության մարզական հաղորդումների ղեկավար, հայտնի հեռուստամեկնաբան Դանիել Բիլալյանը:

Հանդիպումը 5:0 հաշվով շահեցին «Հայկական ֆուտբոլի գրանդները»: Հանդիպման մասին տեղեկություններ տրվեցին ֆրանսիական մարզական մամուլում եւ հեռուստատեսային տարբեր ալիքներով:

Մեկ շաբաթ առաջ Իսի-լե-Մուլինոյի Սպորտի պալատում կայացել էր բոքսի Հայաստանի եւ Ֆրանսիայի երիտասարդական հավաքականների ընկերական հանդիպումը, որին ներկա էր ֆրանսիացի հռչակավոր դերասան Ժան-Պոլ Բելմոնդոն:

Տպել էջը