ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպման վերաբերյալ

03 ապրիլի, 2007

Ս.թ. ապրիլի 3-ին ԱԳ նախարարի պաշտոնակատար Վարդան Օսկանյանն ընդունեց պաշտոնական այցով Հայաստան ժամանած Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով հյուրին Վարդան Օսկանյանը կարեւոր համարեց երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարների մշտական երկխոսությունը երկկողմ փոխշահավետ հարաբերությունների հետագա ընդլայնման եւ խորացման առումով:

Սերգեյ Լավրովը գոհունակություն հայտնեց Հայաստանի եւ Ռուսաստանի հարաբերությունների բարձր մակարդակից, միջազգային կազմակերպություններում արդյունավետ գործակցությունից եւ ընդգծեց, որ հայ-ռուսական օրակարգն արդեն իսկ բավական հագեցած է տնտեսության, մշակույթին, կրթության ու տուրիզմի բնագավառներում ձեռք բերված բազմաբնույթ կապերով:

Խոսելով տնտեսական ոլորտի մասին նախարարները անմդրադարձան Հայաստանի եւ Ռուսաստանի նախագահների վերջին հանդիպման ընթացքում քննարկված տնտեսական նախագծերի իրականացման ընթացքին: Կողմերը նաեւ նշեցին, որ 2006 թ. ակտիվորեն զարգացել է երկու երկրների առեւտրատնտեսական գործակցությունը ու զգալիորեն աճել է ապրանքաշրջանառությունը: Այս առումով կարեւորվեց վստահելի եւ տնտեսապես արդյունավետ տրանսպորտային հաղորդակցություն ապահովելու անհրաժեշտությունը, ինչը կնպաստի երկկողմ եւ բազմակողմ տնտեսական նախագծերի իրականացմանը:

Կողմերը քննարկեցին տարածաշրջանային անվտանգությանն ու կայունությանը վերաբերող հարցեր եւ պատրաստակամություն հայտնեցին ջանքեր գործադրել Հարավային Կովկասում փոխվստահության մթնոլորտի ստեղծման ուղղությամբ: Այդ կապակցությամբ քննարկվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա ընթացքը: ՌԴ արտգործնախարարը հատուկ ընդգծեց, որ կարգավորման շուրջ միջնորդների դիրքորոշումները համընկնում են, ինչը նպաստում է կողմերի համաձայնության ձեռքբերմանը:

Այնուհետեւ տեղի ունեցավ մտքերի փոխանակում Իրանի շուրջ ստեղծված իրավիճակի, Կոսովոյի հիմնահարցի, ռուս-վրացական հարաբերությունների, ԵԱՀԿ, ԱՊՀ շրջանակներում ընթացող բարեփոխումների շուրջ:



Տպել էջը