«Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայի ստորագրման վերաբերյալ
02 ապրիլի, 2007Ս.թ. մարտի 30-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի դահլիճում տեղի ունեցավ «Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիայի ու դրա կամընտիր արձանագրության ստորագրման հանդիսավոր արարողությունը:
Հայաստանի Հանրապետության անունից կոնվենցիան ու արձանագրությունը ստորագրեց ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ, դեսպան Արմեն Մարտիրոսյանը:
«Հաշմանդամների իրավունքների մասին» կոնվենցիան հանդիսանում է մարդու իրավունքների ոլորտին վերաբերող առաջին կոնվենցիան, որը ստորագրվում է 21-րդ դարում: Արարողությանը ելույթ ունեցան ԳԱ փոխնախագահը, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի տեղակալը եւ ՄԱԿ-ի Մարդու իրավունքների բարձրագույն հանձնակատարը, ինչպես նաեւ մի շարք անդամ երկրների պատվիրակությունների ղեկավարներ:
Կոնվենցիան պարտավորեցնում է անդամ երկրներին ապահովելու հաշմանդամ մարդկանց բոլոր իրավունքների ու ազատությունների իրականացումը: Այն ճանաչում է հաշմանդամների իրավահավասարությունը եւ դատապարտում խտրականությունը նրանց նկատմամբ:
Բոլոր ելույթ ունեցողները հույս հայտնեցին որ այս տարվա րնթացքում հնարավոր կլինի հավաքել պահանջվող քանակի վավերացումներ, որպեսզի հնարավորինս շուտ կոնվենցիան ուժի մեջ մտնի:
Այս կոնվենցիան նաեւ առաջինն է, որը ստորագրել են այդքան մեծ թվով երկրներ, իսկ միացողների քանակը 81 էր: Կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը ստորագրեցին 43 երկրներ:
ՅՈՒՆԻՍԵՖ-ի հրավերով հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Հայաստանի հաշմանդամների «Հույսի կամուրջ» հասարակական կազմակերպության ներկայացուցիչներ Անի Հովհաննիսյանն ու Զարուհի Բաթոյանը: