Ալֆորվիլում Հայկական գրքի սալոնի բացման վերաբերյալ

26 մարտի, 2007

Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում ս.թ. մարտի 22-ին Ալֆորվիլում քաղաքապետ, Ֆրանսիայի Ազգային ժողովի պատգամավոր Ռենե Ռուքեն եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը հանդիսավորապես բացեցին Հայկական գրքի սալոնը, որը քաղաքի Մշակութային նորակառույց կենտրոնի առաջին միջոցառումն էր: Սալոնում ներկայացված են Հայաստանում տպագրված 350 եւ Ֆրանսիայում տպագրված 375 անուն գրքեր, որոնք վերաբերում են Հայաստանի պատմությանը, մշակույթին, գրականությանը եւ ամենատարբեր այլ ոլորտների:

«Գիրքը մշտական ուղեկիցն է եղել հայ ժողովրդի եւ մեր պատմության ընթացքում այն սրբացվել է: Այսօր էլ մենք գրահրատարակչությանը մեծ ուշադրություն ենք դարձնում, որի վկայությունը այս բազմանուն հատորներն են»,- Գրքի սալոնի բացման հանդիսավոր արարողությանը հայտարարեց Ֆրանսիայում ՀՀ դեսպան Էդվարդ Նալբանդյանը:

Նա շնորհակալություն հայտնեց քաղաքային իշխանություններին, Ալֆորվիլի Հայ մշակույթի տանը եւ բոլոր կազմակերպություններին, որոնք առանձնահատուկ եռանդով զանազան միջոցառումներ են անցկացնում Ֆրանսիայում Հայաստանի տարվա շրջանակներում, ընդհուպ կազմակերպելով Հայաստանի ամբողջական տարի` տեղական մակարդակով:

Հայկական Գրքի սալոնի բացմանը ներկա էին տեղական ինքնակառավարման մարմինների եւ հոգեւոր դասի բարձրաստիճան ներկայացուցիչներ, հարյուրավոր ֆրանսահայեր եւ հյուրեր:

Տպել էջը