Բելառուսի Հանրապետությունում Հայաստանի մշակույթի օրերի անցկացման վերաբերյալ
23 մարտի, 2007Ս.թ. մարտի 26-ից ապրիլի 1-ը Բելառուսում անցկացվելու են Հայաստանի մշակույթի օրեր, որոնք կազմակերպվել են ՀՀ արտաքին գործերի նախարարության ու մշակույթի եւ երիտասարդության հարցերով նախարարության ակտիվ ներգրավվածությամբ:
Մշակույթի օրերի ծրագիրն արդեն իսկ լուսաբանել են ԲՀ լրատվամիջոցները` ներկայացնելով ՀՀ դեսպանի եւ դեսպանության այլ պաշտոնյաների հարցազրույցները:
Մշակույթի օրերի շրջանակներում կայանալու է ՀՀ մշակույթի եւ երտասարդության հարցերի նախարար Հասմիկ Պողոսյանի գլխավորած պաշտոնական պատվիրակության այցը Բելառուսի Հանրապետություն: Կայանալու են հանդիպումներ Ազգային Ժողովի ներկայացուցիչների պալատի նախագահի, փոխվարչապետի, մշակույթի նախարարության ղեկավարության եւ խորհրդարանականների հետ, ինչպես նաեւ ՀՀ պատվիրակությունը հանդիպումներ կունենա Մինսկ եւ Բրեստ քաղաքների հայ համայնքային կազմակերպություններում:
Հայաստանի մշակույթի օրերը ներառելու են հետեւյալ միջոցառումները` Բելառուսի ազգային գեղարվեստական թանգարանում կբացվի նկարիչ Հակոբ Հակոբյանի ստեղծագործությունների ցուցահանդեսը, Մինսկի Կինոյի տան նախասրահում ներկայացվելու են ստեղծագործություններ Ս. Փարաջանովի տուն թանգարանից, կինոսրահը տրամադրվելու է հայկական գեղարվեստական, վավերագրական եւ մոլտիպլիկացիոն ֆիլմերի ցուցադրմանը, Բելառուսի պատմության եւ մշակույթի ազգային թանգարանում բացվելու է «Հայաստան. ճարտարապետություն եւ բնապատկերներ» խորագրով ֆոտոնկարների ցուցահանդես:
Հայաստանի պետական «Բարեկամություն» պարարվեստի անսամբլը, էստրադային երգիչների խումբը, Մնջախաղի պետական թատրոնը եւ Երեւանի կամերային թատրոնը ելույթներով հանդես կգան Մինսկ, Բրեստ, Սլուցկ, Մոլոդեչնո եւ Բոբրույսկ քաղաքներում:
Մշակույթի օրերի հանդիսավոր բացումը եւ գալա համերգը «Մինսկ» համերգային դահլիճում սկսվելու է ՀՀ եւ ԲՀ նախագահների ողջույնի ուղերձների հնչեցմամբ: