ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանին Իսրայելի դեսպան Էհուդ Գոլի հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման վերաբերյալ

21 մարտի, 2007

Ս.թ. մարտի 21-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց Հայաստանում Իսրայելի դեսպան Էհուդ Գոլին (Ehud Gol, նստաայրը` Երուսաղեմ), վերջինիս հավատարմագրերի կրկնօրինակի հանձնման կապակցությամբ:

Նախարար Օսկանյանը ողջունեց դեսպանին Հայաստանում գտնվելու առթիվ եւ հաջողություն մաղթեց բարձր առաքելության կատարման կապակցությամբ:

Զրուցակիցները համաձայնեցին, որ անհրաժեշտ են գործուն քայլեր` երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու ուղղությամբ, ինչին կնպաստեն փոխայցերը, խորհրդակցությունները ԱԳՆ-ների միջեւ, ինչպես նաեւ` իրավապայմանագրային դաշտի համալրումը:

Քննարկվեցին նաեւ տարածաշրջանային խնդիրներ, իսրայելա-պաղեստինյան եւ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունների կարգավորման հեռանկարները:

Տեղեկանք. Ծնվել է 1946թ. Երուսաղեմում: Աշխատանքային գործունեության ընթացքում վարել է հետեւյալ պաշտոնները` հյուպատոս (մամուլի եւ տեղեկատվության հարցերով), Չիկագոյում Իսրայելի Գլխավոր հյուպատոսությունում, հյուպատոս` Նյու-Յորքում Գլխավոր հյուպատոսությունում, 1986-88թթ.` ԱԳՆ խոսնակ, մամուլի վարչության տնօրեն, 1986-88թթ.` նախագահի հատուկ խորհրդական, 1988-91թթ.` Ռիո Դե Ժանեյրոյում Գլխավոր հյուպատոս, 1991-92թթ.` վարչապետի խորհրդական մամուլի հարցերով, 1995-99թթ.` Իսրայելի դեսպան Իսպանիայում, համատեղության կարգով նաեւ` Անդորրայում, 1999-2001թթ.` ԱԳՆ գլխավոր տնօրենի տեղակալ Արեւմ. Եվրոպայի հարցերով, 2001-06թթ.` Իսրայելի դեսպան Իտալիայում (2001-04թթ.), 2007թ. համատեղության կարգով նշանակվել է Իսրայելի դեսպան Հայաստանում, Ղրղզստանում, Տաջիկստանում եւ Թուրքմենստանում:

Տպել էջը