ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ ԵԱՀԿ դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցի հանդիպման վերաբերյալ

20 մարտի, 2007

Ս.թ. մարտի 20-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանն ընդունեց ԵԱՀԿ/Ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավար, դեսպան Բորիս Ֆռլեցին (Boris Frlec):

Պարոն Ֆռլեցը տեղեկացրեց, որ խորհրդարանական ընտրություններին երկարաժամկետ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով մարտի 19-ին Երեւանում բացվել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ կենտրոնատեղին եւ Հայաստան է ժամանել ԵԱՀԿ-ի երկարաժամկետ դիտորդական առաքելության առաջին խումբը:

Նախատեսվում են դիտորդական առաքելությունների ներկայացուցիչների հանդիպումները Կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամների, խորհրդարանական ընտրություններին մասնակցող եւ չմասնակցող կուսակցությունների, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ:

Մայիսի 12-ի նախօրեին Հայաստան կժամանեն ԵԱՀԿ-ը ներկայացնող 300 դիտորդներ, որոնք կիրականացնեն կարճաժամկետ դիտորդական առաքելություն:

Պատրաստակամություն հայտնելով աջակցել դիտորդներին իրենց առաքելության անցկացման հարցում, նախարար Օսկանյանը ընդգծեց Հայաստանի իշխանությունների շահագրգռվածությունը ազատ եւ արդար ընտրությունների անցկացման հարցում: Հատուկ կարեւորվեց ընտրություններին մասնակցող բոլոր ուժերի դերակատարությունը:

Տպել էջը