Հայաստանցի երեխաների Ֆրանսիա այցի վերաբերյալ
19 մարտի, 2007Ս.թ. մարտի 15-ին Իսի-լե-Մուլինոյի քաղաքապետարանի սրահում քաղաքապետ Անդրե Սանտինին եւ Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանը ողջունեցին Հայաստանից ժամանած երեխաների առաջին խմբին, որոնք «Հայաստանի հազար փոքրիկ դեսպան» ծրագրի շրջանակում մարտի 9-ից մեկ շաբաթով հյուրնկալվել են իրենց ֆրանսիացի հասակակիցների մոտ:
Դեսպան Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց քաղաքապետարանին, դպրոցներին եւ այն ընտանիքներին, որոնք սիրով մեկ շաբաթով իրենց հարկի տակ են ընդունել Երեւանի, ինչպես նաեւ Իսի-լե-Մուլինոյի հետ եղբայրացած Էջմիածին քաղաքի մոտ տասը դպրոցներից 12-14 տարեկան 100 հայ երեխաների: ՀՀ դեսպանը ծրագրի հաջող իրականացման համար հատուկ շեշտեց այն ծավալուն ու պատասխանատու աշխատանքը, որ կատարում է ՀՀ ԱԺ մշակույթի, կրթության եւ երիտասարդական հարցերով մշտական հանձնաժողովի նախագահ Հրանուշ Հակոբյանի կողմից ղեկավարվող աշխատանքային խումբը:
Ծրագիրը հագեցած է եւ լի հուզական ջերմ պահերով ու տրամադրություններով: «Պաշտելի երեխաներ ունեք՝ կիրթ, համեստ եւ խելացի», ամեն տեղից արձագանքում են հայ դպրոցականներին հյուրնկալած ֆրանսիական դպրոցների ուսուցիչներն ու ծնողները: «Շփումը եւ մտերմությունը հասակակիցների միջեւ հեշտ է ստացվում, քանի որ մեր ժողովուրդները մոտիկ ու նման են միմյանց», նշում են նրանք:
Մեկ շաբաթվա ընթացքում հայ դպրոցականներն այցելել են Փարիզի եւ շրջակայքի տեսարժան վայրեր եւ ուսումնական հաստատություններ, մտերմական կապեր հաստատել իրենց հասակակիցների հետ: Ֆրանսիական կոլեջներում հատուկ կազմակերպված դասերի ընթացքում նրանք պատմել են Հայաստանի մասին, ներկայացրել մեր ավանդույթներն ու առօրյան:
Երեխաներից մեկը հրավիրվել է Ելիսեյան պալատ եւ լուսանկարվել նախագահ Ժակ Շիրակի հետ:
«Հայաստանի հազար փոքրիկ դեսպան» ծրագիրն իրականացվում է Ֆրանսիայում Հայաստանի Տարվա շրջանակներում: Ծրագրով նախատեսված է Հայաստանի տարբեր մարզերից մոտ 1000 երեխաների ուղեւորությունը Ֆրանսիայի տարբեր քաղաքներ: Առաջին փուլով մինչեւ մարտ ամսի վերջը Լիոն, Գրենոբլ, Վալանս, Վիեն, Ռոման, Ալֆորվիլ եւ տասնյակ այլ քաղաքներ կժամանեն մոտ հինգ հարյուր դպրոցականներ: