ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հադիպման վերաբերյալ
14 մարտի, 2007Ս.թ. մարտի 14-ին Ժնեւում տեղի ունեցավ Հայաստանի արտաքին գործերի նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումը Արդբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ` ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մասնակցությամբ:
Այս հանդիպումը հաջորդեց ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բեռնար Ֆասիեյի տարածաշրջան կատարած այցելությանը, որի ընթացքում ֆրանսիացի համանախագահը Ռուսաստանի եւ ԱՄՆ իր գործընկերների անունից փորձ արեց արտգործնախարարների հանդիպմանն ընդառաջ ճշգրտել երկու երկրների նախագահների դիրքորոշումները:
Նախարարն ասաց. «Չնայած նախապատրաստական աշխատանքներին, բանակցությունները դանդաղ են ընթանում: Այս անգամ փորձ արվեց քննարկել սկզբունքների վերաբերյալ փաստաթղթի մանրամասների երկրորդ շերտը: Հակառակ նրան, որ կողմերի միջեւ առկա է փոխադարձ դիրքորոշումների ավելի հստակ ըմբռնում, խորը տարբերություններն ակնհայտ են: Մենք հավատում ենք, որ նախագահների հանդիպումը երաշխավորելու համար առաջընթացի հնրավորություններ դեռեւս կան, եւ այդ իսկ պատճառով մենք համաձայնեցիք մեկ այլ հանդիպման` ապրիլին»:
Նախարարը նշեց, որ Հայաստանը հավատարիմ է բանակցային փաստաթղթում առկա սկզբունքներին: Չնայած նրան, որ բազմաթիվ երկրորդական հարցերի շուրջ պայմանավորվածություն դեռեւս չկա, փաստաթղթում ներառված սկզբունքները անդրադառնում են հակամարտության երկարատեւ կարգավորման անհրաժեշտ հիմնարար հարցերին: