ՀՀ կառավարական պատվիրակության եւ հայ-ավստրիական գործարար համաժողովին մասնակցող գործարարների պատվիրակության Ավստրիա կատարած այցի վերաբերյալ
14 մարտի, 2007Ս.թ. մարտի 5-9-ը տեղի ունեցավ ՀՀ առեւտրի եւ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ, Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի համանախագահ Տիգրան Դավթյանի գլխավորած ՀՀ կառավարական պատվիրակության եւ Հայ-ավստրիական գործարար համաժողովին մասնակցող գործարարների պատվիրակության համատեղ այցը Ավստրիայի Հանրապետություն: Այցի նպատակն էր խառը հանձնաժողովի երրորդ նիստի անցկացումը եւ հայ-ավստրիական գործարար համաժողովի կազմակերպումը Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում:
Խառը հանձնաժողովի ավստրիական կողմի համանախագահն է Ավստրիայի Տնտեսության եւ աշխատանքի նախարարության արտասահմանյան երկրների հետ տնտեսական համագործակցության բաժանմունքի գլխավոր տնօրեն Յոհանն Զաքսը:
Հայաստանյան պատվիրակությունը բաղկացած էր տաս անդամներից, որոնց թվում էին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանը, ՀՀ կրթության եւ գիտության փոխնախարար Արա Ավետիսյանը, ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Սամվել Գալստյանը, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական ապահովության նախարարի տեղակալ Թամարա Գեւորգյանը, որոնք առանձին աշխատանքային հանդիպումներ ունեցան իրենց ավստրիացի գործընկերների հետ:
Հանձնաժողովի երրորդ նիստի շրջանակներում աշխատանքային քննարկումներն ընթացան մարտի 6-ին եւ 7-ին, իսկ մարտի 8-ի երեկոյան տեղի ունեցավ նիստի աշխատանքներն ամփոփող արձանագրության տեքստի պաշտոնական ստորագրումը երկու համանախագահների կողմից:
Մարտի 8-ին Ավստրիայի Առեւտրատնտեսական դաշնային պալատում տեղի ունեցավ հայ-ավստրիական գործարար համաժողովը, որին իրենց մասնակցությունը բերեցին հայաստանցի եւ ավստրիացի շուրջ 50 գործարարներ, ձեռնարկատերեր, ավստրիական լրատվական գործակալությունների ներկայացուցիչներ:
Համաժողովի ընթացքում հայկական կողմը ներկայացրեց Հայաստանի տնտեսության հիմնարար ոլորտները, հատուկ շնորհանդեսներ եղան արդյունաբերական, տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զբոսաշրջության զարգացման խնդիրների շուրջ: «Հայաստանը որպես առեւտրատնտեսական գործընկեր երկիր» զեկուցումով հանդես եկավ Հայկական զարգացման գործակալության տնօրեն Վահագն Մովսիսյանը:
Այնուհետեւ աշխատանքային առանձնազրույցներ տեղի ունեցան մի կողմից` ավստրիացի գործարարների, մյուս կողմից` ՀՀ կառավարական պատվիրակության եւ հայաստանյան ընկերությունների ներկայացուցիչների միջեւ:
Խառը հանձնաժողովի, ինչպես նաեւ գործարար համաժողովի անցկացմանը իր գործնական եւ կազմակերպչական նպաստը բերեց Վիեննայում ՀՀ դեսպանությունը` դեսպան Աշոտ Հովակիմյանի գլխավորությամբ: