ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Շվեյցարիա այցի վերաբերյալ
13 մարտի, 2007 Ս.թ. մարտի 13-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ելույթով մասնակցեց ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի չորրորդ նստաշրջանին:
Նույն օրը նախարար Օսկանյանը Բերնում հանդիպեց Շվեյցարիայի Համադաշնության նախագահ, արտաքին գործերի դաշնային դեպարտամենտի ղեկավար տկն. Միշլին Քալմի-Ռեյի հետ (Misheline Calmy-Rey):
Հանդիպմանը քննարկվեցին երկկողմ հարաբերությունների վիճակն ու Շվեյցարիայի մասնակցությունը Հայաստանի զարգացման ծրագրերին, մասնավորապես, գյուղական աղքատության վերացման ծրագրին:
Զրուցակիցները անդրադարձան նաեւ Ժնեւի ՄԱԿ-ի գրասենյակում ընթացող Մարդու իրավունքների խորհրդի նստաշրջանի աշխատանքներին:
ՀՀ ԱԳ նախարարը Շվեյցարիայի նախագահին մանրամասնորեն ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի խաղաղ գործընթացը` հաջորդ օրը Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման լույսի ներքո: Քննարկվեցին նաեւ հայ-թուրքական հարաբերություններն ու հնարավոր զարգացումները:
Օրվա երկրորդ կեսին, վերդառնալով Ժնեւ, նախարար Օսկանյանը հանդիպեց Շվեյցարիայի հայկական համայնքի ներկայացուցիչների հետ, քննարկելով Հայաստանի գյուղական զարգացման ծրագրում համայնքի գործուն մասնակցության հնարավորությունները: