Երեւանում անցկացվելիք ՆԱՏՕ-ի շաբաթվա վերաբերյալ

09 մարտի, 2007

Ս. թ. մարտի 12-16-ը Երեւանում Անհատական Գործընկերության Գործողությունների Ծրագրի (ԱԳԳԾ) շրջանակում անցկացվելու է ՆԱՏՕ-ի շաբաթ, որի ընթացքում նախատեսվում են Դաշինքի բարձրաստիճան ներկայացուցիչների այցեր Երեւան, ինչպես նաեւ տարբեր հանդիպումներ, դասախոսություններ, հեռուստատեսային հարցազրույցներ, ՆԱՏՕ-ի եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության վերաբերյալ հաղորդումների հեռարձակումներ:

ՆԱՏՕ-ի շաբաթը այս տարի Հայաստանի կողմից իրականացվող կարեւորագույն միջոցառումներից մեկն է, որի նպատակն է Հայաստանի հասարակությանը ներկայացնել Հայաստան-ՆԱՏՕ համագործակցության հիմնական ուղղությունները, Դաշինքի գործունեության ժամանակակից նկարագիրը եւ բովանդակությունը:

ՆԱՏՕ-ի շաբաթվա կապակցությամբ Երեւան կայցելի ՆԱՏՕ-ի Գլխավոր քարտուղարի Հասարակական դիվանագիտության հարցերով օգնական Ժան Ֆուրնեն: Այցի ընթացքում նախատեսվում են պրն. Ֆուրնեի հանդիպումները Հայաստանի ԱԺ նախագահի, ԱԳ նախարարի եւ Գիտությունների ազգային ակադեմիայի նախագահի հետ:

Մարտի 12-ին ժամը 12:15 կկայանա Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոնի պաշտոնական բացման արարողությունը` ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի եւ Ժան Ֆուրնեի մասնակցությամբ:

Նույն օրը ժամը 17:00 պրն. Ֆուրնեն դասախոսություն կկարդա Երեւանի պետական համալսարանում, որից հետո համալսարանի գրադարանում տեղի կունենա Հայաստան–ՆԱՏՕ համագործակցության զարգացմանը նվիրված ցուցահանդեսի բացումը:

Մարտի 14-ին ժամը 10:00 ՀՀ ԱԳՆ 104 սրահում կմեկնարկի ՆԱՏՕ-ի միջոցառումների էլեկտրոնային տեղեկատվական ցանցի վերաբերյալ սեմինար, որին կմասնակցեն ՀՀ նախարարությունների եւ գերատեսչությունների ներկայացուցիչներ:

Մարտի 15-ին ժամը 17:00 Երեւանում ՆԱՏՕ-ի տեղեկատվական կենտրոն կայցելի ՆԱՏՕ-ի Պաշտպանական համագործակցության ստորաբաժանման ղեկավար Ջորջ Կացիրդակիսը, ով կհանդիպի հայ լրագրողների հետ:

Մարտի 16-ին նախատեսվում է կազմակերպել նաեւ Երեւան-Կոսովո հեռուստակամուրջ, Կոսովոյում հայ խաղաղապահ գումարտակի անդամների եւ նրանց ընտանիքների համար:

ՆԱՏՕ-ի շաբաթվա շրջանակում մարտի 12-16-ը Հայաստանի Ատլանտյան ասոցիացիա հասարակական կազմակերպությունը կկազմակերպի ՆԱՏՕ-ին եւ Հայաստան-ՆԱՏՕ համագործակցությանը նվիրված ՆԱՏՕ-Հայաստան երիտասարդական ուսուցողական շրջագայություն, որի ընթացքում մասնակիցները կայցելեն Հայաստանի մարզեր` Կապան, Սիսիան, Եղեգնաձոր, Վանաձոր, Տավուշ, Շիրակ, եւ հանդիպումներ կունենան տեղի երիտասարդների հետ: Շրջագայության շնորհանդեսը կկայանա մարտի 12-ին ժամը 10:00 «Անի Պլազա» հյուրանոցում:

Նշված միջոցառումները բաց են լրատվամիջոցների համար:

Տպել էջը