ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակություն Ռումինիա կատարած այցի վերաբերյալ
09 մարտի, 2007Ս.թ. փետրվարի 26-ից մարտի 1-ը պաշտոնական այցով Ռումինիայում էր գտնվում ՀՀ Սահմանադրական դատարանի պատվիրակությունը` ՍԴ նախագահ Գագիկ Հարությունյանի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ՍԴ անդամներ Կիմ Բալայանը, Զինավոր Ղուկասյանը, ՍԴ աշխատակազմի ղեկավար Առուշան Հակոբյանը:
ՀՀ ՍԴ նախագահը եւ պատվիրակության անդամները պաշտոնական եւ աշխատանքային հանդիպումներ ունեցան Ռումինիայի ՍԴ նախագահ Իոան Վիդայի եւ դատարանի անդամների, Ռումինիայի Վճռաբեկ դատարանի նախագահ Նիկոլաե Պոպայի, Ռումինիայի Մարդու իրավունքների պաշտպան Իոան Մուրարուի հետ: Հանդիպումները, որոնց ներկա էր նաեւ Ռումինիայում ՀՀ դեսպան Եղիշե Սարգսյանը, ընթացան գործնական քննարկումների մթնոլորտում եւ ուղղված էին երկկողմ եւ բազմակողմ համագործակցության հետագա ծրագրերի իրականացման հարցերին:
Պատվիրակությունն այցելեց նաեւ ՀՀ դեսպանատուն, Բուխարեստի հայկական եկեղեցի, Ռումինիայի հայոց միություն, որոնց ընթացքում հանդիպումներ եւ զրույցներ ունեցավ Ռումինահայ միության /ՌՀՄ/ նախագահ, Ռումինիայի էկոնոմիկայի եւ առեւտրի նախարար, սենատոր Վարուժան Ոսկանյանի, ՌՀՄ փոխնախագահ, Ռումինիայի Պատգամավորների պալատի անդամ եւ Տեղեկատվական տեխնոլոգիաների մշտական հանձնաժողովի նախագահ Վարուժան Փամբուկչյանի, Հայ առաքելական եկեցու Ռումինիայի եւ Բուլղարիայի թեմի առաջնորդ Տիրայր Արքեպիսկոպոս Մարտիկյանի, ռումինահայ համայնքի ներկայացուցիչների հետ, ծաղիկներ դրեց Հայոց Մեծ եղեռնի զոհերի հիշատակին նվիրված խաչքար-հուշարձանին: