ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի Վաշինգտոնում ունեցած հանդիպումների վերաբերյալ

06 մարտի, 2007

Ս.թ. մարտի 5-ին ԱՄՆ պետական դեպարտամենտ այցելած ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը պետական քարտուղար Կոնդոլիզա Ռայսին հանդիպելուց հետո առանձնազրույց ունեցավ նաեւ ԱՄՆ պետքարտուղարի օգնական, Մինսկի խմբի համանախագահ Մեթյու Բրայզայի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման, Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների` ս.թ. մարտի 14-ին Ժնեւում կայանալիք հանդիպմանն առնչվող հարցեր:

Նույն օրը, ավելի ուշ, ԱՄՆ Կոնգրեսի հայկական հանձախմբի համանախագահների հետ հանդիպման ընթացքում նախարար Օսկանյանն անդրադարձավ ԱՄՆ-Հայաստան ծավալուն օրակարգին եւ այն հարցերին, որոնց Կոնգրեսը իր ներդրումը կարող է ունենալ:

Հադիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Կոնգրեսում Հայոց ցեղասպանության բանաձեւին: Վերջինիս շուրջ առաջիկա քննարկումների կապակցությամբ ԱԳ նախարարը նշեց. «Ի տարբերություն Անկարայի իշխանությունների, Հայաստանի կառավարությունը ամերիկյան ընտրովի պաշտոնյաներին դասախոսություններ չի կարդում մարդու իրավունքների նման կարեւոր հարցերի վերաբերյալ: Ցավոք, թուրքական կառավարությունը շարունակում է ցեղասպանության ժխտման իր քաղաքականության արտահանումը, փորձելով ԱՄՆ-ին եւ այլ ազգերին պարտադրել թուրքական քրեական օրենսգրքի 301 հոդվածով ներշնչված անհանդուրժողականությունը, որը հանգեցրեց լրագրող Հրանտ Դինքի սպանությանը: Դա չպետք է հանդուրժվի ոչ մի պետության եւ անհատի կողմից: Հայաստանի կառավարությունը հավատում է ամերիկյան ժողովրդավարական գործընթացին եւ հարգում է որոշումներ կայացնելու հարցում Միացյալ Նահանգների կոնգրեսականների միասնականությունը»:

Այցի ընթացքում նախարարը նաեւ հանդիպեց Վաշինգտոնում հայկական լոբիստական խմբերի ներկայացուցիչների հետ` մտքեր փոխանակելով ընթացիկ խնդիրների վերաբերյալ:

Տպել էջը