Ուկրաինայում անցկացված գրական երեկոյի վերաբերյալ
06 մարտի, 2007
Ս.թ. մարտի 2-ին Ուկրաինայի գրողների միությունում կայացել է «Հանդիպումներ պոեզիայի հետ» շարքի հերթական երեկոն` նվիրված Սիլվա Կապուտիկյանի եւ ուկրաինացի հայտնի բանաստեղծ, թարգմանիչ, հայագետ, «Սասունցի Դավիթ» էպոսի ուկրաիներեն թարգմանության հեղինակ Վիկտոր Կոչեւսկու հիշատակին:
Միջոցառումը կազմակերպել են Հայաստանի դեսպանությունը, «Ուկրաինա-Հայաստան» ընկերությունը եւ Ուկրաինայի գրողների միությունը:Հայ պոեզիայի, հայ-ուկրաինական գրական կապերի, Սիլվա Կապուտիկյանի եւ Վիկտոր Կոչեւսկու մասին ելույթով երեկոն բացել է հայտնի բանաստեղծ, կինոդրամատուրգ, թարգմանիչ Իվան Դրաչը:
Ուկրաինայում Հայաստանի դեսպանության անունից ներկաներին ողջույնի խոսք է ուղղել դեսպանորդ Ռազմիկ Խումարյանը: «Ուկրաինա-Հայաստան» ընկերության անդամների կատարմամբ հնչել են Սիլվա Կապուտիկյանի բանաստեղծությունները, իսկ դրանց ուկրաիներեն թարգմանությունների կատարմամբ հանդես է եկել ասմունքող, բանաստեղծ Վերա Բոնդարչուկը:
Կոմպոզիտոր, դաշնակահար, ջազային փառատոնների դափնեկիր Անատոլի Ալեքսանյանի կատարմամբ հնչել են հայ կոմպոզիտորների ստեղծագործությունների իմպրովիզացիաներ:
Երեկոյին ներկա են եղել «Ուկրաինա-Հայաստան» ընկերության անդամները, Ուկրաինայի գրական շրջանակների, հայ համայնքի, զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչներ, Հայաստանի դեսպանության դիվանագետներ: