Փարիզի Միջազգային գյուղատնտեսական սալոնում Հայաստանի մասնակցության վերաբերյալ
05 մարտի, 2007Ս.թ. մարտի 3-ին բացվեց Փարիզի Միջազգային 44-րդ գյուղատնտեսական սալոնը, որի այս տարվա պատվո հյուրն է Հայաստանը: Կեսօրին ցուցահանդես այցելեց Ֆրանսիայի նախագահ Ժակ Շիրակը, որը տարբեր երկրներից ժամանած պատվիրակությունների մեջ հատուկ ջերմությամբ շնորհավորեց Հայաստանի գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին եւ Ֆրանսիայում Հայաստանի դեսպան Էդվարդ Նալբանդյանին՝ խնդրելով իր ջերմ ողջույնները հաղորդել Հայաստանի նախագահին:
Աշխարհի այս ամենահեղինակավոր ցուցահանդեսին ներկա են 80 երկրներ, որոնց մեջ Հայաստանը Ճապոնիայի եւ Ռուսաստանի հետ միասին առաջին անգամն են մասնակցում: Ցուցահանդեսին սպասվում է մոտ 800 հազար այցելու: Փարիզի Միջազգային գյուղատնտեսական սալոնի հիմնական բեւեռներն են կենդանիները, գյուղատնտեսական մթերքները եւ բնության բարիքները: Այս տարի ուշադրության կենտրոնում են էկոլոգիապես մաքուր արտադրանքները: Ֆրանսիական լրագրողների հետ զրույցի ընթացքում ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը նշեց, որ այս բնագավառում հայկական արտադրանքները կարող են որոշակի հետաքրքրություն ներկայացնել եւ հույս հայտնեց, որ Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին դռներ կբացի ոչ միայն ֆրանսիական, այլեւ եվրոպական շուկայում:
Դեսպան Է.Նալբանդյանը շնորհակալություն հայտնեց ՀՀ գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանին, նրան ուղեկցող պատվիրակության անդամներին եւ հայկական արտադրողներին, որոնք կարողացան ապահովել Հայաստանի արժանավայել մասնակցությունը ցուցահանդեսին: Հայաստանի տաղավարն զբաղեցնում է 150քմ ավելի տարածք, ուր մեկուկես տասնյակ հայկական ընկերություններ ներկայացնում են իրենց արտադրանքներ՝ մրգեր, հատապտուղներ, խմիչքներ, թեյ, չիր, զանազան պահածոներ, սառեցված բանջարեղեն, կաթնամթերքներ, մսամթերքներ եւ այլն: Հայկական տաղավարում տեղադրված է Հայաստանից բերված թոնիր, ուր ազգային տարազներով հայ կանայք թխում են լավաշ եւ մածունի ու մեղրի հետ հյուրասիրում հարյուրավոր այցելուներին:
Ցուցահանդեսը տեւելու է մինչեւ մարտի 11-ը: Բացման օրն իսկ Հայաստանի տաղավար այցելեց Եվրամիության նախագահող երկրի՝ Գերմանիայի գյուղատնտեսության նախարարը, ինչպես նաեւ բազմաթիվ այլ երկրների նախարարներ:
Նույն օրը երեկոյան Փարիզի Համագումարների պալատում կայացավ «Նավասարդ» պարախմբի նոր պատրաստած «Հայաստան» երաժշտական ներկայացումը: 4000 հանդիսականներ անընդմեջ ծափահարություններով էին ընդունում արդեն իր հիմնադրման 40-ամյակ բոլորած 100 հոգանոց պարախմբի յուրաքանչյուր կատարում: «Սա փայլուն ներկայացում է, «Նավասարդ» պարախումբն այսօր մեր ամենավարպետ խմբերից մեկն է», համերգից հետո շնորհավորելով արտիստներին եւ պարախմբի հիմնադիր եւ գեղարվեսական ղեկավար Էդդի Ջոլոյանին՝ նշեց ՀՀ դեսպան Է. Նալբանդյանը: