Թբիլիսիում կազմակերպված հայ դասական երաժշտությանը նվիրված միջոցառման վերաբերյալ
02 մարտի, 2007Ս.թ. փետրվարի 27-ին Թբիլիսիի Արքայական թաղամասի թատրոնում տեղի է ունեցել Կովկասյան կամերային նվագախմբի համերգը, որը նվիրված էր հայ դասական երաժշտությանը: Այն կազմակերպվել է Վրաստանում ՀՀ դեսպանության եւ նվագախմբի ղեկավար Ուվե Բերկեմերի նախաձեռնությամբ:
Համերգային ծրագրում ընդգրկված էին Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ա. Հարությունյանի եւ Ս. Ասլամազյանի լավագույն ստեղծագործությունները:
Հայ կոմպոզիտորների ստեղծագործություններն ունկնդրում էին Վրաստանի Առաջին տիկին Սանդրա Ռուլոֆսը, Վրաստանում հավատարմագրված դեսպաններն ու դիվանագետները, Վրաստանում Հայ Առաքելական եկեղեցու թեմի առաջնորդ սրբ. Վազգեն Միրզախանյանը, հայ համայնքի ներկայացուցիչներ:
Համերգից առաջ ողջույնի խոսքով հանդես եկավ Վրաստանում ՀՀ դեսպան Հրաչ Սիլվանյանը: Նա, մասնավորապես, նշեց, որ երաժշտության կախարդական աշխարհը ջնջում է ցեղական, էթնիկական տարբերությունները եւ նախապաշարմունքները, ավերում է պետական սահմանները, անտեսում է ազգային թշնամանքն ու ընդհարումները:
Համերգն անցավ մեծ հաջողությամբ եւ լայն արձագանք գտավ Վրաստանի մշակութային շրջանակներում եւ մամուլում:
Տեղեկանք. Կովկասյան կամերային նվագախումբը 2005թ. ստեղծել է գերմանական երաժշտավար Ուվե Բերկեմերը` Վրաստանի Առաջին տիկին Ս. Ռուլոֆսի եւ Հարավային Կովկասի երկրների հետ համագործակցության հարցերով Եվրախորհրդարանի պատվիրակության նախագահ Մարի-Անն Իսլեր Բեգինի հովանավորությամբ: Նվագախմբի ստեղծման հիմնական գաղափարն է` ցուցաբերել արվեստի ուժը եւ հնարավորությունները կովկասյան տարածաշրջանի ժողովուրդների միավորման եւ համախմբման գործում: Նվագախմբի կազմը միջազգային է եւ բաղկացած է հայկական, վրացական եւ ռուսաստանյան երաժիշտներից: