ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանի եւ ԵՄ հատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիի հանդիպման վերաբերյալ
02 մարտի, 2007Ս.թ. մարտի 2-ին ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Արմեն Բայբուրդյանն ընդունեց երկօրյա այցով Հայաստանում գտնվող Հարավային Կովկասում ԵՄ hատուկ ներկայացուցիչ Փիթեր Սեմնեբիին (Peter Semneby):
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին ԵՄ-Հայաստան հարաբերությունները` անդրադառնալով Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակում ստորագրված գործողությունների ծրագրի իրականացմանը: ՀՀ փոխարտգործնախարարը տեղեկացրեց, որ գործողությունների ծրագրի իրականացվելիք միջոցառումների ցանկը գտնվում է մշակման փուլում եւ մոտ ժամանակներս կներկայացվի եւրոպական կողմին:
Զրուցակիցները նաեւ անդրադարձան Հայաստանում գալիք խորհրդարանական ընտրություններին, կարեւորելով դրա միջազգային չափանիշներին համապատասխան անցկացումը: Պրն. Սեմնեբին ընդգծեց, որ ընտրությունների պատշաճ անցկացումով Հայաստանը համապատասխան ուղերձ կհղի ԵՄ-ին` երկկողմ հարաբերությունների խորացման առումով:
Կողմերը մտքեր փոխանակեցին Լեռնային Ղարաբաղի հակամարտության բանակցությունների վերջին զարգացումների վերաբերյալ:
Հանդիպմանը մասնակցում էր ԵՄ նախագահող Գերմանիայի դեսպան Հայկե Փայչը (Heike Peitsch):