Իրանում տարածաշրջանային լրատվամիջոցների ցուցահանդեսի վերաբերյալ

01 մարտի, 2007
Ս.թ. ապրիլի 26-ից մայիսի 1-ը Թեհրանում, Իրանի մշակույթի նախարարության նախաձեռնությամբ գործելու է լրատվամիջոցների առաջին ցուցահանդեսը` տարածաշրջանի հանրային մամուլի եւ ԶԼՄ-ների մասնակցությամբ:

Ցուցահանդեսում տարածաշրջանային երկրները կներկայացնեն իրենց տպագիր մամուլը եւ լրատվական գործակալությունները, որոնց նյութերում տեղ են գտնում մշակութային, սոցիալական, տնտեսական, քաղաքական, ինչպես նաեւ երեխաների, կանանց եւ երիտասարդների հարցերին առնչվող հրապարակումներ` պարսկերեն, արաբերեն, անգլերեն եւ ֆրանսերեն լեզուներով:

Ցուցահանդեսի նպատակն է խթանել մշակութային, սոցիալական, տնտեսական հարաբերությունները տարածաշրջանի ԶԼՄ-ների միջեւ, փոխադարձաբար ծանոթանալ լրատվամիջոցների հնարավորություններին, այցելուներին ծանոթացնել տարածաշրջանային երկրների լրատվական համակարգի հետ:

Ցուցահանդեսի մասնակիցները հնարավորություն կունենան մասնակցել քննարկումների եւ հանդիպել լրատվական դաշտի առաջատար մասնագետների հետ: Մասնակիցներին հնարավորություն կընձեռվի հանդիպել Իրանի քաղաքական եւ մշակութային բարձրաստիճան պաշտոնյաների հետ եւ այցելել Թեհրանի մշակութային եւ պատմական վայրեր:

Ցուցահանդեսի մասնակիցները կվճարեն միայն իրենց ուղեւորության ճանապարհածախսը, իսկ Թեհրանում նրանց կեցության ծախսերը կհոգա իրանական կողմը:

Հետաքրքրված ԶԼՄ-ները առավել մանրամասն տեղեկությունների համար կարող են դիմել ցուցահանդեսի քարտուղարությանը, հեռ.` 009821-88312210, e-mail հասցե` pressfair@press.gov.ir, info@pressfair.ir :

Տպել էջը