Դուբլինում եւ Լոնդոնում Հայաստանի ԱԳ նախարար Վարդան Օսկանյանի հանդիպումների վերաբերյալ
28 փետրվարի, 2007Իռլանդիայում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը ս.թ. փետրվարի 28-ին հանդիպեց Իռլանդիայի արտգործնախարար Դերմոտ Ահերնի (Dermot Ahern) հետ:
Ողջունելով հյուրին Իռլադիայի ԱԳ նախարարը ընդունեց, որ Հայաստանի արտգործնախարարի Իռլանդիա առաջին այցի ընացքում հնարավորություն է ընձեռվել մանրամասն քննարկելու երկկողմ համագործակցության հեռանկարները, հատկապես հաշվի առնելով երկու պետությունների եւ ժողովուրդների առկա նմանությունները:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները միմյանց ներկայացրեցին արտաքին քաղաքական առաջնայնություններն ու միջազգային տարբեր խնդիրների նկատմամբ երկրների դիրքորոշումները: Քննարկվեցին երկկողմ համագործակցության հնարավորությունները, մասնավորապես ԵՄ Նոր հարեւանություն քաղաքականության շրջանակներում: Ընդգծվեց, որ Հայաստան-ԵՄ գործողությունների ծրագիրը գերազանց հնարավորություն է ընձեռում ինչպես բազմակողմ, այնպես էլ երկկողմ համագործակցության խորացման համար:
Անդրադարձ եղավ կողմերին հուզող հակամարտությունների կարգավորման հարցերին: Նախարար Ահերնը ներկայացրեց Հյուսիսային Իռլանդիայի հիմնահարցի կարգավորման ընթացքը, նշելով վերջին շրջանի դրական զարգացումները: Ի պատասխան, նախարար Օսկանյանը ներկայացրեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների վերջին փուլի արդյունքները:
Զրուցակիցները նաեւ խոսեցին միջազգային կազմակերպություններում համագործակցության հնարավորությունների մասին:
Հաշվի առնելով երկու ժողովուրդների մեծ եւ ազդեցիկ սփյուռքի առկայությունը, նախարարները մտքերի փոխանակում կատարեցին սփյուռք-պետություն համագործակցության հարցերի շուրջ:
ԱԳ նախարարների հանդիպմանը հաջորդեց ՀՀ ԱԳ նախարար Վ. Օսկանյանի հանդիպումը Իռլանդիայի խորհրդարանի Եվրոպական գործերի ընդհանուր կոմիտեի (Joint Committee on European Affairs) ղեկավար Ջոն Դեսի (John Deasy) եւ անդամների հետ:
Օրվա առաջին կեսին նախարար Օսկանյանը ելույթ ունեցավ Դուբլինի Եվրոպական գործերի ինստիտուտում (Institute of European Affairs) եւ այցելեց Չեստեր Բիտի գրադարան, ուր պահպանվում են 150 միջնադարյան հայկական մանրանկարչության նմուշներ:
Ս.թ. փետրվարի 27-ին Լոնդոնում նախարար Օսկանյանը հանդիպեց Հարավային Կովկասում Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլի հետ: Հանդիպմանը քննարկվեցին տարածաշրջանային հարցեր եւ ԼՂ հակամարտության խաղաղ կարգավորման ներկա վիճակը:
Նույն օրը Վարդան Օսկանյանը այցելեց Քեմբրիջի համալսարան, ուր ուսանողական միությունում ելույթ ունեցավ Հայաստանի ներքին եւ արտաքին քաղաքականության վերաբերյալ: