Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման վերաբերյալ

27 փետրվարի, 2007

Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությանը մասնակցելու նպատակով, ս.թ. փետրվարի 20-24-ը Լոս Անջելես այցելեց Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանի գլխավորած պատվիրակությունը:

Երեւանի քաղաքապետը հանդիպումներ ունեցավ Գլենդեյլի քաղաքապետ Դեյվ Վիվերի, քաղաքային խորհրդի անդամներ Րաֆֆի Մանուկյանի, Արա Նաջարյանի, Բոբ Յուսեֆյանի եւ Ֆրանկ Քվինտերոյի, ոստիկանապետ Ռենդի Ադամսի հետ: Երվանդ Զախարյանը այցելեց Բրբանքի քաղաքապետարան, ուր հանդիպում ունեցան փոխքաղաքապետ Մարշա Ռամուսի հետ:

Այցի շրջանակներում Երվանդ Զախարյանը հանդիպեց նաեւ Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսայի, քաղաքային խորհրդի նախագահ Էրիկ Գարսեթիի եւ Լոս Անջելես մարզի վերահսկիչների խորհրդի ղեկավար Զեւ Յարոսլավսկու հետ:

Երեւանի քաղաքապետի գլխավորած պատվիրոկությունն այցելեց Հայ Առաքելական եկեղեցու առաջնորդարաններ, հանդիպումներ ունեցավ համայնքային կուսակցությունների ղեկավարների, Գլենդեյլի հանրային քոլեջի նախագահի եւ անձնակազմի, Կալիֆորնիրայի Առեւտրի պալատի եւ Հայ Փաստաբանների միության ներկայացուցիչների հետ:

Լոս Անջելեսի քաղաքային խորհրդի փետրվարի 23-ի նիստի օրակարգում ընդգրկված էր Երեւանը եւ Լոս Անջելեսը քույր քաղաքներ հռչակելու մասին համաձայնագրի ստորագրման հանդիսավոր արարողությունը, որին ներկա գտնվեցին Լոս Անջելեսի տեղական կառավարման մարմինների, դիվանագիտական կորպուսի եւ արարողակարգի ծառայության պաշտոնյաներ, համայնքային կազմակերպությունների ներկայացուցիչներ, հոգեւորականներ, հայ գործարարներ, բարերարներ:

Ողջույնի խոսքով ներկաներին դիմեց Լոս Անջելեսի քաղաքապետ Անտոնիո Վիլարայգոսան: Նա ուրախությամբ նշեց, որ այդ համաձայնագիրը նոր խթան կհաղորդի հայաշատ Լոս Անջելեսի եւ մայրաքաղաք Երեւանի միջեւ փոխգործակցության խորացմանը եւ փորձի փոխանակմանը: Անտոնիո Վիլարայգոսան կարեւորեց բազմազգ եւ բազմամշակույթ Լոս Անջելեսում հայերի անգնահատելի ավանդը:

Երեւանի քաղաքապետ Երվանդ Զախարյանն իր խոսքում նշեց, որ այս համաձայնագիրը ենթադրում է երկու քաղաքների ավելի սերտ համագործակցություն նորագույն տեխնոլոգիաների եւ հասարակական կառավարման ոլորտներում, առեւտրային հարաբերությունների աճ, ավելի սերտ տնտեսական, մշակութային, գիտական, կրթական կապեր:

Նույն օրը Լոս ԱՆջելեսում ՀՀ Գլխավոր հյուպատոսությունում կայացած մամուլի ասուլիսի ընթացքում Երվանդ Զախարյանն ամփոփեց իր այցի արդյունքները, պատասխանեց լրագրողների հարցերին:

Տպել էջը