ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի Աջմանի եւ Շարժայի Էմիրություններում հանդիպումների վերաբերյալ

27 փետրվարի, 2007

Ս.թ. փետրվարի 19-ին կայացել է ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանի հանդիպումը Աջմանի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ Բարձրագույն խորհրդի անդամ շեյխ Հումեիդ բեն Ռաշիդ Ալ Նուայիմիի հետ:

Հանդիպման ժամանակ դեսպան Մելիքյանը վերահաստատել է Արաբական Միացյալ Էմիրությունների հետ բազմաբնույթ հարաբերությունների զարգացման, փոխշահավետ համագործակցության ծավալման եւ ամրապնդման Հայաստանի պատրաստակամությունը:

Անդրադառնալով գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառներին, դեսպանն ընդգծել է Աջմանի էմիրության հետ նշյալ ոլորտներում կապերի խորացման, հատկապես զբոսաշրջության բնագավառում առկա հսկա ներուժի նպատակային օգտագործման հեռանկարները:

Նշելով տարածաշրջանում նոր տեխնոլոգիաների կենտրոն հռչակելու ՀՀ իշխանությունների որդեգրած ռազմավարությունը, դեսպան Մելիքյանն առաջարկել է քննարկել հայ մասնագետների փորձն ու մասնագիտական գիտելիքները Աջմանի Էմիրությունում կիրառելու հնարավորությունները, ինչպես նաեւ ընդգծել է, մասնագետների փոխանակման եւ մասնագիտական պատրաստվածության կատարելագործման առումով, հայ ինժեներների եւ բժիշկների ներուժը Էմիրությունների զարգացման ծրագրերում օգտագործելու հայկական կողմի պատրաստակամությունը:

ՀՀ դեսպանը կարեւորել է Հայաստանի եւ Աջմանի առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրումն ու բիզնես ֆորումի կազմակերպումը:

Ողջունելով առեւտրաարդյունաբերական պալատների միջեւ համագործակցության հուշագրի ստորագրման գաղափարը, Շեյխ Հումեիդ բեն Ռաշիդ Ալ Նուայիմին առաջարկել է Աջմանում կազմակերպել Հայաստանի եւ Աջմանի գործարար շրջանակների միջեւ անդրանիկ հանդիպում՝ երկկողմ առեւտրատնտեսական համագործակցության ոլորտներն ու հեռանկարները հստակեցնելու եւ քննարկելու նպատակով:

Փետրվարի 21-ին ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Վահագն Մելիքյանը հանդիպել է Շարժայի Էմիրության կառավարիչ, ԱՄԷ Բարձրագույն խորհրդի անդամ շեյխ դոկտոր Սուլթան բեն Մուհամմադ Ալ Կասիմիի հետ:

Հանդիպման ընթացքում երկուստեք մտքեր են փոխանակվել Շարժայի եւ Հայաստանի միջեւ գոյություն ունեցող հարաբերություններն էլ ավելի խորացնելու եւ ամրապնդելու ուղղությամբ:

Դեսպան Մելիքյանը ՀՀ կառավարության անունից շնորհակալություն է հայտնել շեյխ Սուլթանին՝ Աբու Դաբիի զարգացման հիմնադրամի կողմից «Արփա-Սեւան»-ի ֆինանսավորման նպատակով 10 մլն. ԱՄՆ դոլարի վարկավորում տրամադրելու վերաբերյալ արդեն իսկ ընդունված որոշման մեջ անձնական մեծ ներդրում ունենալու համար:

Նույն օրը դեսպան Մելիքյանը հանդիպում է ունեցել նաեւ Շարժայի Էմիրության թագաժառանգ, փոխկառավարիչ, Գործադիր խորհրդի նախագահ շեյխ Սուլթան բեն Մուհամմադ բեն Սուլթան Ալ Կասիմիի հետ: Քննարկվել է Հայաստանի եւ Շարժայի էմիրության միջեւ նոր նախագծերի իրականացման, ակտիվ եւ հետեւողական աշխատանքների կատարման անհրաժեշտությունը:

Տպել էջը